22/10/2016 13:14
Ռաֆիկ Գրիգորյանը ներում է Արկադի Փելեշյանին, բայց չի մոռանում
Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանը ներում է իրեն ծեծի ենթարկած, ապա ներողություն խնդրած «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին:
«Ես դեռ դեպքի առաջին օրն էի ասել, որ որպես քրիստոնյա ներում եմ նրան», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ Արկադի Փելեշյանը փորձել է անձամբ իրենից ներղություն խնդրել, բայց դա իրեն չի բավարարել:
«Ես ցանկացել եմ, որ նա պաշտոնապես ներողություն խնդրի, որպեսզի հանրությունն իմանա, որ ես զրպարտող չեմ», - նշեց Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդը:
«Նա չգիտի, թե ինչ է անում, ես իրեն ներում եմ, բայց մոռանալ դա՝ դժվար է: Մարդու կենսագրությունն այնպիսին է, որ հիշողությունից ոչինչ ջնջել չի հաջողվի: Ներելն այլ բան է, բայց հիշողությունից հանելը. դա մարդկային հատկանիշների մեջ չէ», - հավելեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Ավելի վաղ Հայաստանի Քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել էին, որ հոկտեմբերի 5-ին հաղորդում է ստացվել Վանաձորում Հայ ավետարանչական եկեղեցու հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին:
Aysor,am-ի թղթակցի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանն էլ նշել էր, որ Փելեշյանի և Գրիգորյանի միջև միայն բանավեճ է եղել:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Եդոյանը նշել էր, որ Գրիգորյանը դիմել է հիվանդանոց, հետազոտվել, ստացել ամբուլատոր բուժօգնություն և գնացել տուն:
Ոստիկանությունից Aysor.am-ի թղթակցին հայտնել էին, որ Երևանում բերման է ենթարկվել Արկադի Փելեշյանը: