05/10/2016 12:02
Ընդամենը եղել է փոքր թեժ խոսակցություն. «Հայկական վերածնունդը» հերքում է Ավետարանչական եկեղեցու հովվին ծեծի ենթարկելու տեղեկությունը
«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանի խոսքով, Վանաձորում իրենց թեկնածու Արկադի Փելեշյանի և Վանաձորի Հայ Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանի միջև երեկ ծեծկռտուք չի եղել, եղել է միայն բանավեճ:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Է.Առաքելյանն ասաց, որ վիճաբանության թեման ՀՀԿ-ական թեկնածուի օգտին բաժանված ընտրակաշառքներն են եղել, որի մեջ ներգրավված է եղել նաև Գրիգորյանը:
«Մենք Վանաձորից տեղեկացել ենք, որ ընդամենը եղել է փոքր թեժ խոսակցություն: Չի եղել ինչպես ներկայացնում են 20-30 հոգանոց խմբակային կռիվ: Խոսակցությունը եղել է այն հարցի շուրջ, որ Գրիգորյանը ընտրակաշառքի մեջ է ներգրավված եղել: Հայ Ավետարանչական եկեղեցու Վանաձորի կառույցի անդամները ի օգուտ Հանրապետական թեկնածուի ընտրակաշառք են բաժանել», - ասաց Է.Առաքելյանը:
Նա նաև հավելեց, որ Ռաֆիկ Գրիգորյանի աներորդին Փելեշյանի շտաբի ղեկավարն է եղել և նրանց մեջ ջերմ հարաբերություններ են, թշնամական որևէ բան չկա:
Հարցին, թե բանավեճից բացի, արդյոք Փելեշյանի և Գրիգորյանի միջև թեթև հրմշտոց չի եղել, նա հավաստիացրեց, որ կողմերի միջև միայն բանավեճ է եղել: Առաքելյանն ընդգծեց, որ իրենք հիվանդանոցից տեղեկացել են, որ Ռաֆիկ Գրիգորյան անուն ազգանունով քաղաքացի իրենց չի դիմել, հետևաբար նա դաժան ծեծի չի ենթարկվել:
Ավելի վաղ Aysor.am-ը Հայաստանի Քննչական կոմիտեից տեղեկացել էր, որ ՔԿ-ն հաղորդում է ստացել Վանաձորում Հայ ավետարանչական եկեղեցու հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին: