27/06/2017 13:32
Մեզ հետ խրատական տոնով մի խոսեք. Տիգրան Եգորյանը` Սեֆիլյանի գործով դատավորին
Ժիրայր Սեֆիլյանի գործով պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին առարկություն ներկայացրեց` խնդրելով ներկայացնել իր հանդեպ դատական սանկցիա կիրառելու պատճառները:
«Ես հույս ունեմ, որ սա դիտավորության արդյունք չէր, ու մենք ավելի աշխատանքային միջավայրում շփվելու հնարավորություն կունենանք: Որոշման հետ կապված ինձ հետաքրքրիր է, թե կոնկրետ իմ ո՞ր գործողության պատճառով է դատարանը սանկցիա կիրառել, որ ես կարողանամ ներկայացնել առարկություն», - ասաց Տիգրան Եգորյանը:
Ի պատասխան՝ նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց, որ դատավարության որևէ մասնակից` այդ թվում պաշտպանության կողմը, իրավասու չէ դատարանին ներկայացնել պահանջ` դատարանի կողմից իրականացված գործողությունները պարզաբանելու կամ մեկնաբանելու համար:
«Եթե ցանկանում եք ծանոթանալ որոշման օրինակին, դուք կարող եք ստանալ այն օրենքով նախատեսված կարգով ու սահմանված ընթացակարգով ու առարկություններ ներկայացնել», - ասաց դատավորը:
Ի պատասխան՝ Տիգրան Եգորյանը հորդորեց դատավորին պաշտպանների հետ խրատական տոնով չխոսել:
«Կամ պատասխանեք մեր հարցին կամ ոչ, բայց խրատական տոնով մի խոսեք», - ասաց պաշտպանը:
Նշենք նաև, որ դատական կարգադրիչների ստորաբաժանման պետի կողմից դատարանին ներկայացվել էր զեկուցագիր, ըստ որի, դահլիճում գտնվող Վահե Պողոսյանն ու Վահագն Ղումաշյանը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորել և հայհոյանքներ են հնչեցրել:
Ի պատասխան` դատարանը որոշել է նրանց հեռացնել դահլիճից` մինչև քրգործի դատաքննության ավարտը: