28/06/2017 13:49
Պայմանագրային զինծառայողները շատ կարևոր են, բայց նրանց աշխատավարձերի բարձրացում դեռ նախատեսված չէ
Պայմանագրային զինծառայողները շատ կարևոր են մեր զինված ուժերում և չի կարող լինել, որ նրանց խնդիրները մեր ուշադրությունից դուրս լինեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Այնուամենայնիվ, ինչպես և տարեսկզբին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, նախարարը նշեց, որ նրանց աշխատավարձերի բարձրացում դեռևս նախատեսված չէ:
«Մենք հետևողական ենք լինելու նաև պայմանագրային զինծառայողներին լրացուցիչ պայմաններ ստեղծելու համար: Բոլոր դեպքերում, աշխատավարձերի բարձրացում, իրոք, նախատեսված չէ այս փուլում, որովհետև, պայմանագրային զինծառայողի աշխատավարձի բարձրացումը ավտոմատ կերպով նշանակում է ողջ սպայական անձնակազմի աշխատավարձերի բարձրացում, որն ընդհանուր գումարով բավականին մեծ ծավալ է կազմելու», - ասաց Վիգեն Սարգսյանը` հույս հայտնելով, որ առաջիկա տարիներին երկրի տնտեսական աճը և ռեսուրսների ավելացումը թույլ է տալու այդ հարցին անդրադառնալ: