15/07/2017 13:00
Հենց դադարեցի «երեխա լինել», իր հետաքրքրությունն իմ հանդեպ կորավ. խոսում են սեռական բռնության զոհերը
Aysor.am-ի «Խոսում են սեռական բռնության զոհերը» շարքի հաջորդ հերոսը 40-ամյա Աննան է, որը դժվարությամբ է խոսում դպրոցական վաղ տարիքում իր նկատմամբ «բարի պապիկի» կողմից շարունակական սեռական ոտնձգությունների մասին:
«…ոչինչ չէի հասկանում»
Փոքր երեխա էի, նոր դպրոց էի գնում: Մի ազգական ունեինք, ահագին պատկառելի տարիքի մարդ էր՝ հիսունն անց, հաճախ էր մեզ այցելում, երբեմն էլ մնում էր գիշերելու: Ահագին մտերիմ էինք իրար հետ, դե փոքր ժամանակվանից միշտ տեսել էի իրեն, մեզ մոտ մարդ էր, ինձ համար էլ՝ մի «բարի պապիկ»: Երբեմն ինձ տանում էր զբոսնելու կամ իրար հետ ինչ-որ խաղեր էինք խաղում կամ գիշերը, երբ մեզ մոտ էր քնում, գնում էի մոտը, որ ինձ հեքիաթ պատմի: Հավեսով զբաղվում էր հետս: Հիշում եմ, որ ինչ-որ պահի սկսեց տարօրինակ բաներից խոսել հետս, որոնք ինձ էն ժամանակ անհասկանալի էին: Հիմա գուցե երեխաներն ավելի շուտ են տեղեկացված լինում ինտիմ թեմաներից, բայց էն թվերին 7-8 տարեկան երեխան ընդհանրապես ոչինչ չգիտեր, համենայնդեպս ես որ հաստատ անտեղյակ էի: Ու իր ասածներից ոչինչ չէի հասկանում, բացի նրանից, որ դրա մասին մենակ երկուսով ենք խոսելու, ու «մամայիս-պապայիս չեմ ասելու»:
Հետո զրույցները քիչ-քիչ փոխվեցին գործողությունների: Ես հասկանում էի, որ ինչ-որ վատ բան է կատարվում, որի մասին չի կարելի ոչ մեկին ասել: Ինձ թվում է՝ երեխաների մոտ հաճախ էդ դիրքորոշումը կա՝ վատ բաները թաքցնել: Քանի որ ես շատ չէի հասկանում, թե ինչ է կատարվածը ու միայն էն գիտեի, որ ինչ-որ պատճառով ինքս էլ էի դրան մասնակցում, չէի ուզում, որ էդ «վատ բանի» մասին ինչ-որ մեկն իմանա, կարծես ես ինքս էլ մեղավոր լինեի:
Ես շատ փոքր էի՝ ինչ-որ ձևով ինձ պաշտպանել կարողանալու համար: Սուսուփուս ենթարկվում էի: Ու դա մի դեպք չէր, այլ ահագին երկար ժամանակ շարունակվող իրավիճակ, որը շարունակվեց երևի մինչև իմ դեռահասության սկիզբը: Հենց դադարեցի «երեխա լինել», իր հետաքրքրությունն իմ հանդեպ կորավ:
«Հրահանգն ուժեղ էր…»
«Ծնողներիդ չասես». էդ հրահանգն էնքան ուժեղ էր ազդել վրաս, որ երևի մինչև հիմա էլ դրա ազդեցության տակ եմ՝ ծնողներիս չեմ ասելու, ինչ էլ լինի: Ծնողներս ու ընտանիքիս անդամները մինչև էսօր էլ չգիտեն դրա մասին ու չեմ էլ ուզի, որ իմանան: Հիշում եմ՝ ահավոր վախեցած էի: Դե ծնողներին չասելու հրահանգն էլ իր հերթին էր ազդում: Քանի որ փոքր քույր ունեի, սկսեցի ուշադիր լինել, որ իր հետ էլ նույնը չկրկնվի: Բայց քույրիկիցս հեռու էր մնում ինքը: Քույրս լրիվ ուրիշ տիպի էր, իմ նման խելոք, սուսուփուս չէր ու երևի էդ էլ ահագին նպաստել էր նրան, որ մեր «լավ» ազգականը իրենից հեռու մնա. ռիսկը մեծ էր, որ իր հրահանգները քրոջս վրա չեն ազդի:
«…Թաղել էի»
Էդ մարդը հիմա վաղուց արդեն մահացել է: Ու ես էլ իր մասին շատ մտածել չեմ ուզում: Այդ ամբողջն ավարտվելուց հետո, ես ինչ-որ ժամանակ ընդհանրապես «թաղել էի» էս պատմությունը ու ինձ թույլ չէի տալիս մտածել դրա մասին: Միայն դեռահասությունից հետո սկսեցի նորից «վերհիշել» ամենը ու փորձել մտածել դրա մասին՝ առանց նախկին վախերի: Եթե շատ վերլուծեմ, գուցեև սկսեմ լիքը բաներ գտնել իմ կյանքում, որոնց վրա էս ամենն ազդեցություն է թողել: Բայց ես վաղուց անցել եմ սրա վրայով, դա մնացել է անցյալում, ու ես ինձ զոհ չեմ զգում:
Աննան այժմ աշխատում է սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց հետ։ Ունի երեխա ու կյանքից, ասում է, գոհ է:
Մեր զրուցակցի անունը պայմանական է։ Aysor.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել սեռական ոտնձգության զոհ դարձած նաև այլ մարդկանց։ Գաղտնիությունը երաշխավորվում է: