25/11/2019 11:34
Ընտանեկան բռնության ենթարկված անձինք 150 հազար դրամ ֆինանսական աջակցություն կունենան. Մասնագետ
Այս տարի կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունների թվի նվազում է նկատվում, «Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ որքանո՞վ են արդյունավետ օրենսդրական մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։
«2019-ի տասը ամիսների ընթացքում գրանցվել է կանանց և աղջիկների նկատմամբ 1509 դեպք, 2018-ի նույն ժամանակահատվածի՝ 1928 դեպքի նկատմամբ: Առկա է կանանց և աղջիկների նկատմամբ կատարված բռնությունների նվազում: Սրանցից 2019 թվականին ընտանիքում կատարված դեպքերի քանակը կազմում է 305, 2018-ի՝ 460-ի փոխարեն», - ասաց Վարդանյանը:
Նա նկատեց, որ 2019 թվականի հունվարից 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտանեկան բռնությունների վերաբերյալ ստացվել է 1420 ահազանգ, որոնցից 808-ով հաշվառվել են անձինք, 618-ով կայացվել է անհետաձգելի միջամտության որոշում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլգա Ազատյանն էլ նկատեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության աջակցման կենտրոններ, որտեղ շահառուները իրավաբանական և հոգեբանական աջակցություն կստանան:
«Նախատեսվում է ստեղծել ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետական ապաստարան: Սա կլինի պետական աջակցություն ստացող առաջին ապաստարանը: 2020 թվականի հունվարից արդեն ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցություն կունենանք՝ 150 հազար դրամ անձի համար», - նշեց բանախոսը՝ նկատելով, որ աջակցությունը կտրամադրվի մեկանգամյա: