27/12/2019 12:00
Եթե Հրայր Թովմասյանին իսկապես մեղադրանք է առաջադրվել, ապա դա աբսուրդ է. Էլինար Վարդանյան (Տեսանյութ)
Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը Սահմանադրական նորմերի խախտում է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ էլինար Վարդանյանը:
«Եթե Հրայր Թովմասյանին իսկապես մեղադրանք է առաջադրվել, ապա դա աբսուրդ է, որովհետև Հրայր Թովմասյանին չէին կարող մեղադրանք առաջադրել՝ ելնելով այն հանգամանքից, որ նա ՍԴ նախագահ է ընտրվել նախկին կարգավորումներով, որոնք նախատեսում էին ոչ միայն ֆունկցիոնալ անձեռնմխելիություն, հետևաբար այս մեղադրանքն իսկապես աբսուրդի ժանրից է», - ասաց Վարդանյանը՝ նշելով, որ առաջադրված մեղադրանքը Սահմանադրական նորմերի խախտում է:
Նա նկատեց, որ նախագահի կողմից երեկ ստորագրված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը բացահայտ ճնշում է:
«Հույս ունեինք, որ դրա սահմանադրականությունը նախագահը կվիճարկեր, կգտնվեր իր տեղում և կիրականացներ Սահմանադրությամբ իր նախատեսված պարտավորությունները, բայց ստորագրեց ու սա ճնշման գործիքներից մեկն է ՍԴ նկատմամբ», - ասաց Վարդանյանը:
Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: