Արենի գյուղում մեկնարկել է գինու փառատոնը
17/10/2009 12:42

Արենի գյուղում մեկնարկել է գինու փառատոնը

ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում այսօր նշվում է Գինու տոնը: Առավոտվանից երթևեկությունը դադարել է գյուղի կենտրոնական փողոցներում, որոնք այս պահին լի են մարդկանցով՝ թե տանտերերով, և թե փառատոնի հյուրերով:

Ինչպես Արենիից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, գինու փառատոնի գլխավոր միջոցառումը տեղի է ունենում գյուղի կենտրոնական հրապարակում: Միջոցառումն այցելել են Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:

Սպասվում է, որ փառատոնը կայցելի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում Հայաստանում գտնվող Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար Վլադիմիր Նովիցկին:

Փառատոնին բացման խոսքով հանդես եկավ Արենիի գյուղապետ Ժիրայր Եղոյանը: Ողջունելով հյուրերրն, նա նշեց, որ «Արենի գյուղը պետք է բարձր պահի հայկական գինու պատիվը»: Եղոյանը մաղթեց հայ գյուղացուն լավ բերք` լավ եղանակի պայմաններում, և ցանկացավ, որ այն բարի նպատակների համար միայն օգտագործվի:

Գյուղապետը նաև հայտնեց, որ Արենի գյուղի մոտ վերջերս հայտնաբերվել են մեծ նշանակություն ունեցող հնագիտական նյութեր, որոնք ապացուոցում են, որ գինեգործությունն այստեղ զարգացած է եղել նույնիսկ 6 հազար տարի առաջ:
 

Արենի գյուղում մեկնարկել է գինու փառատոնը