29/04/2010 09:52
«Ճանաչելը` մեր բարոյական պարտականությունն է»
Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության մասին հարցի քննարկումը 12 կողմ, 8 դեմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախօերին ընդգրկվել է խորհրդարանի օրակարգ:
Քննարկման գաղափարը, ինչպես և նախորդ երկու տարիներին, բարձրացրել է ձախակողմյան ՄԵՐԵՑ կուսակցության պատգամավոր Խաիմ Օրոնը:
Ինչպես հաղորդում է news.ru.co.il-ը, իր ելույթում Օրոնն ասել է. «Ինձ հարցնում են` «ինչու՞ ես բարձրացնում այդ թեման: Թողենք, որ պատմությունը պարզաբանի փաստերը»… Սակայն մենք հանդես չենք գալիս կոնկրետ հայտարարությամբ, չենք քննարկում փոխհատուցման հարցը, չենք խոսում որևէ մեկի իրավունքների վերականգնման մասին»:
«Մեզ համար կարևոր է, որպեսզի իսրայելական ժողովուրդը` տվյալ դեպքում Կնեսետը, ճանաչի այլ ազգի ողբերգությունը, տեղի ունեցածի ողջ սարսափը: Հայ ժողովրդին շատ է հարկավոր, որ մենք գտնվենք այն խորհրդարանների թվում, դրանց թիվը 20-ից ավելին է, որոնք ճանաչել են ցեղասպանության փաստը», - հայտարարել է Օրոնը:
Կնեսետում քննարկումների ժամանակ հայանպաստ դիրքորոշում է ցուցաբերել նաև ԽԱԴԱՇ կուսակցության ներկայացուցիչ Դով Խանինը:
«Մենք, առավել, քան որևէ մեկը, կարող ենք հասկանալ այլ ազգի ցավը, որը ենթարկվել է մասսայական բնաջնջման: Ճանաչելը` մեր բարոյական պարտականությունն է», - ասել է Խանինը:
Այն, որ Խ.Օրոնի նախաձեռնությունը կընդունվի, աղբյուրի համաձայն, պարզ էր քննարկումների հենց սկզբից: Հարցը միայն նրանում էր, թե որ հանձնաժողովում այն պետք է քննարկվի նախքան քվեարկությունը: