16/07/2010 15:17
Միշել Մայորին շնորհվել է Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ
Հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆ. Միշել Մայորին ու իր գիտական խմբի երկու անդամներին շնորհվել է Վիկտոր Համբարձումյանի անվան 2010թ. միջազգային մրցանակը: Այս մասին հայտնում են Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի միջազգային հանձնաժողովից:
Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվին և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար և կտրվի երկու տարին մեկ անգամ, սկսած 2010 թվից:
Առաջադրումների ժամկետն էր մարտի 18-ը, և ՀՀ ԳԱԱ նախագահ ակադ. Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարած միջազգային հանձնաժողովը ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից և Նոբելյան մրցանակի դափնեկիրներից ստացել էր ականավոր գիտնականների և գիտական խմբերի 14 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացված աշխատանքերի մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ ունեցավ և վերջապես որպես հաղթող ընտրեց Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի կողմից ներկայացված պրոֆ. Միշել Մայորին (Michel Mayor) և իր գիտական խմբին:
Ժնևի համալսարանի պրոֆեսոր Միշել Մայորը արեգակնային տիպի աստղի շուրջ պտտվող առաջին արտաարեգակնային մոլորակի համահայտնաբերողն է: Նա արտաարեգակնային մոլորակների որոնման և նրանց ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության նպատակով հարավային կիսագնդում իրականացվող կարևորագույն շրջահայության ղեկավարն է: Եվրոպական հարավային աստղադիտարանի` Չիլիում գտնվող Լա Սիլլա դիտակայանում դեռևս ընթացող այս շրջահայությունը թույլ տվեց հայտնաբերել Երկրի զանգվածն ընդամենը մի քանի անգամ գերազանցող զանգվածով մի քանի մոլորակներ:
Շվեյցարիայի գիտությունների ակադեմիայի կողմից առաջադրված Միշել Մայորը և նրա գիտական խմբի անդամները ակնառու ներդրումներ են կատարել մոլորակային համակարգերի և նրանց կենտրոնական աստղերի հետազոտման բնագավառում: Չնայած հայտնաբերված արդեն մեծ թվով արտաարեգակնային մոլորակներին, մոլորակային համակարգերի առաջացումն առայժմ բավարար չափով պարզաբանված չէ: Այս համակարգերի զարմանալի բազմազանությունը լուրջ խնդիրներ է առաջադրում: Վերջին տասը տարիների ընթացքում Մայորը և իր միջազգային գիտական խումբը, ներառյալ Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանին (Garik Israelian) և Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն աշխատակից Նունո Սանտոսին (Nuno Santos), բնութագրել են արտաարեգակնային մոլորակներ ունեցող աստղերի ֆիզիկական և քիմիական հատկությունները: Մոլորակներ ունեցող աստղերի սպեկտրների փոքր անոմալիաները նպաստում են մոլորակների առաջացման մեխանիզմների բազմազանության վերաբերյալ մեր պատկերացումների զարգացմանը: Այդ խմբի կողմից ստացված արդյունքները մեծ ազդեցություն թողեցին մոլորակների առաջացման մոդելների մշակման վրա: