02/09/2010 11:18
Ղարաբաղը կրկին գերեվարել անհնար է
Ռուսաստանի ջավախքահայ համայնքը շնորհավորում է Արցախի ժողովրդին Անկախության օրվա առիթվ և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
«1991 թ-ի սեպտեմբեր 2-ին Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի շրջանի և Շահումյանի ժողովրդական պատգամավորների շրջանային խորհուրդների համատեղ նիստում Ադրբեջանի ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) և Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի տարածքը հռչակվեց` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` Արցախի Հանրապետություն:
Այս իրադարձությունների հիմքում ընկած է եղել մեր ազգային միասնության, համախմբվածության և էթնիկական ինքնագիտակցությանը վերածննուդը: Չնայած հաղթանակը ձեռք է բերվել թանկ գնով, սակայն այն արդյունք է մեր ժողովրդի կամքի, ինքնազոհության և հերոսության:
Արդեն 19 տարի է, որ Արցախի ժողովուրդը հաստատուն կանգնած է վերածննդի և արարման ճանապարհին: Մենք, ինչպես և ոչ մեկը, գիտենք իմաստն ու արժեքը այն խոսքերի, թե հայ ժողովուրդն արարող է:
Ադրբեջանում, այժմ ավելի լավ են հասկանում, որ կրկին գերեվարել Ղարաբաղը (Արցախը) անհնար է: Չնայած Իլհամ Ալիևի կառավարությունը դեռ անզիջում է, սակայն Ադրբեջանի ավելի գիտակից ընդդիմությունը արդեն խոստովանում է, որ խնդիրները հնարավոր է լուծել միայն ուղիղ բանակցությունների և զիջումների միջոցով:
Մինչ օրս միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախությունը և վարում է անպտուղ բանակցություններ: Մինչդեռ, ողջ աշխարհի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են ընդունել և հաշտվել իրականության հետ: Մենք վստահ ենք, որ Ադրբեջանը, ով անիրատեսական տարածքային պահանջներ է ներկայացնում, մի պետություն է, որը գտնվում է ծուղակում: Այդ պետությունը կախված է իրենից ավելի հզոր դաշնակիցներից, որոնք ինչ-որ պահի կարող են հոգնել այդ պահանջներից և թողնել Ադրբեջանին` աննախանձելի իրավիճակում:
Հենց այս առիթով է, որ կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ցուցաբերել իմաստություն և քաղաքական կամք, անել համարձակ քայլ և ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը»,- ասված է Ռուսաստանի ջավախքահայ համայնքի շնորհավորական ուղերձում: