01/11/2010 16:35
Զաքարյան.Ալիևը կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությունը
«Ալիևի կեղծիքների ազդեցության տակ ընկածների համար անընդհատ պետք է նշել, որ Հայաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորողի դերում, ինչը ամեն օր վտանգվում է Ադրբեջանի կողմից»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ուկրաինական պարբերականին տված հարցազրույցում արտահայտած այն մտքին, թե հայկական կողմը փորձում է ամեն կերպ ձգձել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը՝ Aysor-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
«Միջազգային հանրությունը, ում փորձում է խաբել Ալիևը, պետք է իմանա, որ Ղարաբաղի պատկանելիության պատմական և ներկա փաստերը ոչ մի առնչություն չունեն Ալիևի սովորած դասի հետ: Դրանում համոզվելու համար Ալիևին պետք չէ լսել, այլ պետք է բոլոր խելացի մարդկանց պես այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմերի քաղաքական կամքին, ապա այն հայտնի է բոլոր շահագրգիռ սուբյեկտներին. Հայաստանը պատրաստ է արագ և միջազգային սկզբուներին համապատասխան նորմերով առաջ տանել հակամարտության կարգավորումը, երբ որ արված կլինի հակամարտության կարգավորման գլխավոր քայլը` Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով` կարգավիճակի հստակեցումը»,- պարզաբանեց պատգամավորը: