11/07/2011 12:03
Փոխանակաման ծրագիր խուլ երիտասարդների համար
Հուլիսի 5-ից 13-ը Ծաղկաձորում ընթանում է «Բավական տարբեր են թվում» երիտասարդական փոխանակաման ծրագիրը, որին մասնակցում են 15 խուլ, 15 լսող երիտասարադներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելառուսից և Հայաստանից 9 հոգանոց թիմերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ծրագրի հեղինակ Աննա Սարգսյանը:
Նա նշեց, որ ծրագրի նպատակն է ապացուցել, որ լեզուն չպետք է խոչընդոտ լինի շփման համար. «Այս հանդիպումը լսողներին հնարավորություն կտա փորձի փոխանակման միջոցով առավել լավ ճանաչել մի խմբի, որի հետ հաղորդակցումն առօրյա կյանքում քիչ է: Կարևոր է, որ լսող մարդիկ փոխեն իրենց կարծիքը չլսողների մասին` նրանց համարելով ոչ թե հաշմանդամություն ունեցողներ, այլ սոցիալ լեզվական փոքրամասնություն կազմող խումբ»:
Նա հատկապես ընդգծեց, որ երիտասարադական փոխանակման ծրագրերում հավասար մասնակցությունը խուլ երիտասարդներին նաև հնարավորություն կտա արժևորել իրենց դերը հասարակության մեջ:
«Այս ծրագիրը կարևոր էր, քանի որ հայ խուլերը ցանկանում են պարզել, թե ասենք արտասահմանցի խուլերը ինչ խնդիրներ ունեն հասարակության մեջ, ինչպես են շփվում և, ի վերջո, ինչ մակարդակի վրա է ժեստերի լեզուն օրինակ Ֆրանսիայում»,- մանրամասնեց Ա. Սարգսյանը:
Ծրագրի մասնակիցները, հեղինակի խոսքերով, առաջին օրերին ժամանակի խնդիր ունեին, քանի որ տասը լեզվով խոսող մասակիցները պետք է հասկանային միմյանց, սակայն ըստ նրա, եթե կա ցանկություն, երկկողմանի հետաքրքրություն, ապա շփման եզրեր հայտնվում են:
Խոսելով Հայաստանում առկա խնդիրների մասին, որոնց ամեն օր առնչվում են խուլերը, ասուլիսին ներկա հայկական թիմի խուլ մասնակիցներից Մարիա Պետրոսյանը նշեց, որ իրենց համար առաջնային խնդիր է զբաղվածության խնդիրը. «Խուլերի մեծամասնությունը գործազուրկ է: Գործատուներն առանց իմանալու մեր կարողությունները, մեզ աշխատանիքի չեն ընդունում, թող ընդունեն աշխատանքի և երբ դժգոհ կլինեն մեզանից, այդ ժամանակ արդարացված է, որ ասենք աշխատանքից ազատեն»:
Հաջորդ խնդիրը, որի մասին խոսեց խուլ հյուրը, դա հեռուստատեսային հաղորդումներում իրենց համար հասանաելի լեզվի բացակայությունն է: Նա ասաց, որ շատ հաճախ իրենց ասում են, թե վազող տողը բավական է, սակայն Մ. Պետրոսյանի խոսքերով, դա բնավ բավական չէ լիրաժեք ինֆորմացիա ստանալու համար: