08/10/2011 14:59
Մեկնարկել է Վ. Համբարձումյանի անվան մրցանակի 2012թ-ի մրցույթը
Օրերս հայտարարվել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի երկրորդ` 2012թ. մրցույթը: Այս մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից և տրվում է երկու տարին մեկ անգամ, աստղագիտության և հարակից գիտությունների ոլորտներում կատարած մեծ նվաճումների համար:
Այն աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկն է և կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար: Մրցանակին կարող են ներկայացվել առանձին գիտնականներ կամ գիտական խմբեր` ոչ ավել, քան 3 հոգուց բաղկացած:
Մրցույթի ժամկետն է 2012թ. մարտի 18-ը, արդյունքները հայտնի կդառնան 2012թ. հուլիսի 18-ին, իսկ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Գործում է անվանի աստղագետներից և ֆիզիկոսներից կազմված միջազգային հեղինակավոր հանձնաժողով` ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, որի կազմում են Միջազգային աստղագիտական միության պրեզիդենտ Ռոբերտ Ուիլյամսը, Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի 2010թ. հաղթող Միշել Մայորը և ուրիշներ: