14/03/2012 16:50
Սիրիացի փախստականների թիվը հասել է 30 000-ի
Հարևան երկրներում ապաստան գտած սիրիացի փախստականների թիվը հասել է 30 000-ի: Մարտի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տարածաշրջանային համակարգող Փանոս Մումթզիսը: Այս տվյալները հաստատվել են Ժնևում` գերատեսչության գլխավոր գրասենյակում: Այս մասին հաղորդում է ռուսական «ИТАР-ТАСС» լրատվական գործակալությունը:
Ավելի քան 7000 մարդ արդեն գրանցվել է Լիբանանում, ընդ որում` գրանցումը դեռ շարունակվում է երկրի հյուսիսում` Լիբանանի մեծությամբ երկրորդ քաղաք Տրիպոլիում: Թուրքիա գաղթած սիրիացի փախստականների թիվը հասնում է 13000-ի, իսկ Հորդանանում` շուրջ 7000-ի:
«Շուրջ մեկ տարի շարունակվող բողոքի ակցիաների հետևանքվ Սիրիայում ներքին տեղահանվածների թիվը հասել է 200 000-ի»,- նշել է Փանոս Մումթզիսը: «Այժմ մենք աշխատում ենք Սիրայի ներքին տեղահանվածների թվի վրա»,- հայտնել է նա ` հավելելով, որ այդ տվյալները հիմնված են Սիրիայում Արաբական «Կարմիր մահիկ» կազմակերպության գնահատականների վրա: