16/07/2012 15:24
Սրճարանի շինթույլտվություն կա, «բայց «պրարաբի» մոտ չէ»
Քիչ առաջ Աբովյան 19 հասցեում իրականացվող շինարարության հրապարակ է եկել «պրարաբն» ու լրագրողներին հայտնել, թե այստեղ սրճարան է կառուցվում, որի համար իրենք ունեն անհրաժեշտ նախագիծն ու Երևանի քաղաքապետարանի շինթույլտվություն: Սակայն այս պահին շինթույլտվությունն իր մոտ չէ, և չի կարող այն ցույց տալ լրագրողներին ու քաղաքացիական նախաձեռնության անդամներին:
Aysor.am-ի թղթակիցը հայտնում է, որ «պրարաբը» խոստացել է միայն զանգահարել սեփականատիրոջն ու հրավիրել շինհրապարակ` հարցերին սպառիչ պատասխան տալու համար:
Նշենք, որ այս պահին տարածքում դադարեցված են փորման աշխատանքները, բեռնատարը հեռացել է, կարծես թե, պատրաստվում է հեռանալ նաև էքսկավատորը: Շինարարներն ասել են, որ մայթը փորվել է երեկ ու այսօր էլ աշխատանքները շարունակվել են, հողը խոնավ է:
«Թռչկան» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը քիչ առաջ ահազանգել է ոստիկանության Կենտրոնի բաժանմունք` իրավապահներին տեղեկացնելով, որ շինարարություն է իրականացվում, իսկ կառուցապատողը շինթույլտվությունը ցույց չի տալիս: