18/08/2012 13:36
Արսեն Ջուլֆալակյան. Ցանկացած մարզիկ պետք է լինի ինքն իր հոգեբանը
Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց, որ սպորտում հոգեբանությունը շատ կարևոր է, սակայն ցանկացած մարզիկ առաջնահերթ պետք է լինի ինքն իր հոգեբանը:
«Ես հոգեբանական խնդիրներ չունեմ: Համարում եմ, որ ցանկացած մարզիկ նախ ինքը պետք է լինի իր հոգեբանը: Եթե գոտեմարտերի ժամանակ սկսես մտածել այլ բաների մասին, ապա կմատնվես անհաջողության: Ոչ ֆինանսները, ոչ ընտանիքը և, ընդհանրապես, ոչինչ չպետք է խանգարեն մարզիկին:
Ես նման դեպքի հետ առնչվել եմ իմ կարիերայի ընթացքում: Արդեն պատկերացնում էի, ինչպես եմ մեդալ նվաճում, ինչպես եմ գրկախառնվում մարզչիս հետ, ինչպես են բոլորն ինձ շնորհավորում: Արդյունքը եղավ այն, որ սկզբում հաղթելով խոշոր հաշվով` այնուհետև պարտվեցի»,- նշեց Ջուլֆալակյանը:
Ինչպես ասաց Արսենը, իր երազանքն է 2016թ. Ռիո Դե ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին պատվո պատվանդանի հարթակին կանգնել իր եղբոր հետ, ով ևս զբաղվում է ըմբշամարտով, սակայն վնասվածքների պատճառով չի կարողացել հասնել մեծ հաջողությունների:
«Երազում եմ եղբորս հետ կանգնել պատվո պատվանդանի հարթակին: Ամեն բան կանեմ, որպեսզի երազանքս իրականություն դառնա: Պարզապես եղբայրս շատ վնասվածքներ ունեցավ, ինչն էլ խանգարեց նրա հետագա առաջընթացին»,- ասաց Արսենը:
Խոսելով սպորտում առկա համար առաջին խնդրի` դոպինգի մասին, մեր օլիմպիական փոխչեմպիոնն ասաց հետևյալը.
«Ցանկացած մարզաձևում դոպինգային սկանդալներ լինում են: Այն միայն ուժ չէ, որ տալիս է մարզիկին: Ըմբշամարտում երևի թե ամենաքիչը կարելի է հանդիպել նման դեպքերի, թեև եղել է, որ մրցակիցս օգտագործել է: Եթե Լևոն Ջուլֆալակյանի մոտ խոսես քիմիայից, պարզապես կդառնաս նրա աչքի գրողը: Ես ևս չեմ ընդունում դա: Գոտեմարտենք մաքուր, հաղթենք մաքուր»,- հավելեց Արսենը:
Մեր մարզիկը նաև նշեց, որ արծաթե մեդալի արժանանալուց հետո իր խորհուրդներով օգտակար է եղել նաև մյուսներին:
«Ես դա իմ պարտականությունն եմ համարում: Հետաքրքիրն այն է, որ իմ գոտեմարից հետո մարզում էի անցկացնում Հովհաննես Վարդերեսյանի հետ: Արթուր Ալեքսանյանին ևս օգնել եմ խորհուրդներով: Սխալ է, երբ մարզիկը չի կիսվում իր փորձով: Ներկա եմ եղել մյուսների բոլոր գոտեմարտերին, բացառությամբ նրանց, որոնք մեկնաբանել եմ»,- ասաց Ջուլֆալակյանը:
Խոսելով ապագա ծրագրերի մասին` մեր ըմբիշը նշեց, որ նոյեմբերին կկայանա Հայաստանի առաջնությունը, որին կհետևի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: