03/12/2012 10:32
Այսօր հաշմանդամների միջազգային օրվան նվիրված համերգ տեղի կունենա
Դեկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկազմակերպվի հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված «Լույս անսահման…» խորագրով համերգ: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ, նախագծին աջակցում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:
Համերգին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան դաշնակահար Լևոն Կարապետյանը, տենոր Ալեքսանդր Ժույկովը, «Փարոս» կամերային երգչախումբը: Համերգային ծրագրում ներառված է նաև կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանի ստեղծագործությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, համերգի մուտքն ազատ է:
1992 թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային միացել է 2006 թ. դեկտեմբերին: