.jpg)
Միջադեպ ԱԺ-ում. Նիստը խանգարող պատգամավորին հեռացնել դահլիճից
Քիչ առաջ, երբ պետք է մեկնարկեր Ազգային ժողովի քառօրյա նիստը և քվեարկությամբ պետք է հաստատվեր օրակարգը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ելույթի իրավունք խնդրեց և սկսեց կարդալ մի դիմում:
Դիմում-նամակի ընթերցմանը միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նկատելով, թե հայտարարությունը չի վերաբերում քննարկվող թեմային, սակայն Զ. Փոստանջյանը շարունակեց ընթերցել նամակը, իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ անջատեց խոսափողը:
Մի քանի րոպե անց Զարուհի Փոստանջյանը կրկին խոսքի հնարավորություն ստացավ և կրկին շարունակեց ընթերցել նամակը:
Այս ամենից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը խոսքի իրավունք ստացավ և դիմեց ԱԺ նախագահին` պահանջելով, որպեսզի նա նիստը խանգարող պատգամավորին հեռացնի դահլիճից, հակառակ դեպքում ինքը կլքի այն:
Նկատենք, որ նշյալ երկու պատգամավորներն էլ այս պահին ԱԺ դահլիճում են:
Զարուհի Փոստանջյանը, այնուամենայնիվ, շարունակեց անջատված միկրոֆոնով ընթերցել նամակը՝ Հովիկ Աբրահամյանի խոսքին զուգահեռ: