Եթե վաղը Սեդրակյանին ազատ արձակեն, Հայրիկյանը չի բողոքի
24/09/2013 12:14

Եթե վաղը Սեդրակյանին ազատ արձակեն, Հայրիկյանը չի բողոքի

«Նախաքննական մարմինը թերացել է մահափորձի գործը մինչև վերջ բացահայտելու հարցում. Պետք է դեռ պարզվեր, թե որտեղի՞ց է պատվիրատու կոչված մարդու մոտ մեկ տարվա ընթացքում գոյացել 3 մլն դոլար, որը նա խաղացել է ու 250 հազարը` պարտվել, որտեղի՞ց են այդ գումարները հայտնվել մի մարդու մոտ, ով չի աշխատում, բայց ում ավտոմեքենան Հայրիկյանից թանկ արժե»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով դատարանի կողմից նախօրեին կայացված որոշման մասին, հայտարարեց ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը` ևս մեկ անգամ կրկնելով, որ իրեն քիչ է հետաքրքրում դատարանի կայացրած վճիռը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԻՄ առանջորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման, Խաչատուր Պողոսյանը՝ 14, իսկ Սամվել Հարությունյանը 12 տարի ժամկետով:

Դատարանը, Հայրիկյանի խոսքով, միացավ ամբաստանյալներին և  որպես վկա քննված այն մարդկանց, ովքեր 100.000 դոլար էին նվիրել պատվիրատու ճանաչված անձին:

Անդրադառնալով Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի հայտարարությանը, թե վճիռը բողոքարկվելու  է ՄԻԵԴ-ում, Պ. Հայրիկյանը նկատեց, թե իր համար ողջունելի է ցանկացած քայլ, որը կպաշտպանի նշյալ երեք մեղադրյալներին:

«Եթե վաղը նրանց ազատ արձակեն, ես չեմ բողոքի` երեք մարդ այս կողմ-այն կողմ,  ի՞նչ տարբերություն: Փողոցում նրանց նման շատերը կան»,- եզրափակեց խոսքը Հայրիկյանը:

 

Եթե վաղը Սեդրակյանին ազատ արձակեն, Հայրիկյանը չի բողոքի