Դ. Հարությունյան. Փոստանջյանի բողոքարկումը ԵԽԽՎ-ում կլինի զրո արդյունքով
23/10/2013 14:34

Դ. Հարությունյան. Փոստանջյանի բողոքարկումը ԵԽԽՎ-ում կլինի զրո արդյունքով

ԵԽԽՎ պատվիրակության կազմում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչին կփոխարինի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամներին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում ներկայացված չլինելու Հովիկ Աբրահամյանի որոշումը, Դ. Հարությունյանը ճիշտ է համարում:

«Պատվիրակության կազմի վերանայման դրդապատճառներից մեկն, իհարկե, Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀ Նախագահին ուղղված հարցն էր, սակայն կա նաև այլ պատճառ՝ մասնավորապես, այն, որ մինչ օրս որևէ մեկին չի անհանգստացրել, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում ներկայացված չէ օրինակ ՕԵԿ-ը»,- ասաց նա և ավելացրեց, որ պատվիրակության կազմի փոփոխությունը խորհրդարանական ողջ ներկապնակի արդարացի արտացոլումն է։

Անդրադառնալով Զ․Փոստանջյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ականներին դժվար օրեր են սպասվում, Դ․Հարությունյանն ասաց, որ Զ․ Փոստանջյանն իրավունք ունի բողոքարկելու ԱԺ նախագահի որոշումը ԵԽԽՎ-ում, սակայն արդյունքը, Դ. Հարությունյանի կարծիքով, լինելու է զրո, «ուստի որևէ դժվարին օր չի սպասվում»։

«ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, գուցե, վիճարկվի, բայց եզրակացությունը լինելու է հետևյալը՝ ՀՀ ԱԺ նախագահը, ներկայացնելով պատվիրակության կազմը, չի խախտել ԵԽԽՎ որևէ պահանջ»,- եզրափակեց խոսքը Դ․ Հարությունյանը։
 

Դ. Հարությունյան. Փոստանջյանի բողոքարկումը ԵԽԽՎ-ում կլինի զրո արդյունքով