.jpg)
«Դավութօղլուն ճիշտ կանի Երևանում այցելի Ցեղասպանության հուշահամալիր»
«Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»,- այս մասին, ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` վերջերս կատարած հայտարարությունները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փոխնախարարը նաև ասել է, որ Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
«Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը»,- ասել է Շավարշ Քոչարյանը: