.jpg)
ԱԺ հաշվիչ հանձնաժողովը վաղն արտահերթ նիստ կգումարի
Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովը վաղը` ժամը 15:00-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նիստի օրակարգում, Ա. Մինասյանի խոսքով, ներառված է երկու հարց: Առաջինը դեկտեմբերի 23-ին ոչ էլեկտրոնային համակարգով տեղի ունեցած քվեարկության ձայների հաշվարկման օրինականության հարցն է, երկրորդը` կազմակերպչական:
Հիշեցնենք, որ այդ օրը խորհրդարանում արտահերթ նիստին քվեարկության էր դրվել դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որը 72 կողմ ձայնով ընդունվեց:
Ա. Մինասյանը նկատեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 27-րդ հոդվածը նախատեսում է հանձնաժողովի արտահերթ նիստի անցկացում, եթե այդ պահանջն առաջադրում է հանձնաժողովի նախագահը կամ անդամների մեկ երրորդը: «Փաստորեն, յոթ անդամի կեսից ավելին պահանջը առաջադրում է, և եթե հանձնաժողովի նախագահը չժամանի այդ նիստին, ապա չորսով իրավասու ենք անցկացնել այդ նիստը»,- ասել է ՀՅԴ պատգամավորը:
Նախորդող հրապարակում` ՀՀԿ-ականները ձեռքով քվեարկեցին. Ոչ իշխանականները լքեցին դահլիճը. Նկարներ