30/01/2014 12:30
Ադրբեջանում հայտնված հայ ծերունու թոռնիկը նամակ է փոխանցել նրան
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները Ադրբեջանի տարածքում հայտնված 77-ամյա ծերունու հարցով նախօրեին այցելել են նրա հարազատ Վերին Կարմիրաղբյուր գյուղ: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանից.
«Երեկ այցելեցին մեր գյուղ, ճշտեցին որոշ տեղեկություններ Մամիկոն Խոջոյանի մասին և խոստացան արդեն այսօր պաշտանական հարցում ուղարկել Բաքվի իրենց գործընկերներին` Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու վերաբերյալ»,- ասաց Կամո Չոբանյանը:
Գյուղապետի խոսքով՝ Մամիկոն Խոջոյանի թոռներից մեկը Կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով նամակ է փոխանցել պապիկին:
«Կարմիր խաչի ներկայացուցիչները նշեցին, որ երբ Բաքվից Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպեն Մամիկոն Խոջոյանին՝ նամակն անպայման կփոխանցվի: Բացի այդ ասեցին, որ եղել են նախադեպեր, երբ նման հիվանդություն ունեցող մարդկանց հարցը բավականին արագ է լուծվել: Հույս ունենանք, որ Մամիկոն պապին հնարավոր կլինի շուտ վերադարձնել Հայաստան»,- ասաց Կամո Չոբանյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ժամը 16.00-ի սահմաններում Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հայտնվել է հակառակորդի տարածքում: Նրան գտել են ադրբեջանական Ալիբեյլի գյուղի բնակիչներ ու փոխանցել զինվորականներին: Մամիկոն Խոջոյանն ունի առողջական (հոգեկան) խնդիրներ:
Նախորդող հրապարակումներ՝ 77-ամյա հայ ծերունին կորել է. Ըստ ադրբեջանցիների՝ նա թշնամու տարածքում է
ԿԽՄԿ-ն բանակցում է սահմանը հատած քաղաքացու հետ հանդիպելու համար
Ադրբեջանում հայտնված 77-ամյա ծերունին գնացել էր խաղող քաղելու