.jpg)
Էդվարդ Նալդանդյանն ընդունել է Սերբիայի ԱԳՆ Իվան Մրկիչին
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը, որն արտահայտվել է փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումներով լավ հիմք են ծառայում միջպետական փոխգործակցության խթանման համար։
Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար, նախարար Մրկիչը ասել է, որ շատ ուրախ է այցելել Երևան, որի հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել բոլոր հնարավոր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը։
Հանդիպման օրակարգում են եղել այս տարվա ընթացքում Սերբիայի Նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման, ապակենտրոնացված փոխգործակցությանն առնչվող հարցերը։
2015 թ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Սերբիայի նախագահության համատեքստում քննարկվել են կազմակերպության առջև ծառացած խնդիրները։
Սերբիայի արտգործնախարարը ներկայացրել է Կոսովոյի հետ բանակցությունների ընթացքը՝ այս համատեքստում բարձր գնահատելով Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը: Նախարար Մրկիչը վերահաստատել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության աջակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Հանդիպումից հետո արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Իվան Մրկիչը ստորագրել են Հայաստանի և Սերբիայի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը։