Ա. Ադիբեկյան. Վարչապետի ինքնասիրությունը խոցված է
05/04/2014 13:51

Ա. Ադիբեկյան. Վարչապետի ինքնասիրությունը խոցված է

Լինելով վարչապետ` Տիգրան Սարգսյանն ուներ ռազմավարական նպատակներ, նա բավականին լավ էր պատկերացնում, թե ինչ էր պետք Հայաստանի զարգացման համար, իսկ  հրաժարական տվեց, քանի որ նրա ինքնասիրությունը խոցվեց, և որպես բարոյական մարդ, նա պետք է դիմեր այդ քայլին։  Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, նման կարծիք հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական  կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

 «Նա հիասթափվեց մեզնից, որ մենք չաջակցեցինք նրա ծրագրերին»,- ասաց նա:

Խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին` Ա. Ադիբեկյանը նախ ասաց, որ այդ համակարգին անցել է շուրջ  56 երկիր, և «Տիգրան Սարգսյանի ամենամեծ հիասթափությունն այն էր, որ նրան չհասկացան, չհասկացան նրա բարի մտադրությունները»:

Տիգրան Սարգսյանը, սոցիալոգի գնահատմամբ, կարողացել է արտաքին ներդրողներին համոզել, որ Հայաստանի բանկային համակարգը կայուն է, և նրա մակարդակի ֆինանսիստ, ըստ Ադիբեկյանի, Հայաստանը չունի։

«Մեզ պետք է այնպիսի վարչապետ, ով անձնական կապեր կունենա ֆինանսական ընկերությունների հետ, սակայն այս պահին մեր քաղաքական աստղերի շարքում նման դեմք չեմ տեսնում»,- ասաց նա:

Նախորդող հրապարակումներ` Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել

Տիգրան Սարգսյան. Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված

Սահմանդրություն. Վարչապետի հետ միասին հրաժարական կտա նաև կառավարությունը