04/04/2014 10:31
Սահմանդրություն. Վարչապետի հետ միասին հրաժարական կտա նաև կառավարությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հրաժարականի դիմում:
Ներկայացնում ենք վարչապետի և Կառավարության նշանակման կետերը՝ ըստ Սահմանադրության:
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածն ասում է.
«Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
Հանրապետության Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:
Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:
Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Իսկ ահա 74-րդ հոդվածիհամաձայն՝ Կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Սահմանադրության 85-րդ հոդվածով, վարչապետի բացակայության ժամանակ նրան փոխարինում է փոխվարչապետը: