Աղբյուր. Թևոսիկի եղբոր սպանության նախաքննությունը վարում է ԱԱԾ-ն
17/04/2014 19:10

Աղբյուր. Թևոսիկի եղբոր սպանության նախաքննությունը վարում է ԱԱԾ-ն

Aysor.am-ի հավաստի տեղեկություններով՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության գործով նախաքննությունը  օրերս փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը:

Հիշեցնենք, որ քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանին (մականունը՝ Իսո) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 Հոդվածի 1 Մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) հատկանիշներով:

Ի. Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ այս գործով որոշ փորձաքննությունների պատասխաններ ստացվել են, որոնք որևէ կերպ չեն ապացուցում իր պաշտպանյալին մեղսագրվող արարքները: 

Նա ասաց, որ ինքը տեղյակ չէր, որ այս գործով նախաքննությունը փոխանցվել է ԱԱԾ-ին:

Նշենք, որ Armlur.am կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ սպանելուց հետո հետքերը վերջնականապես վերացնելու համար, Իսոն Մոսոյի դիակը տեղափոխել է Քանաքեռավան և նետել կոյուղու դիտահորերից մեկը: Ինչպես հայտնի է, կոյուղում գերակշռում է գազի քանակությունը, իսկ դա հանգեցնում է յուրաքանչյուր կենդանու կամ առարկայի քայքայման:

Armlur.am-ի տեղեկություններով՝ հենց դա է պատճառը, որ դին մինչ օրս չի հայտնաբերվում: Ավելին, աղբյուրիի տեղեկություններ հասան այն մասին, որ իրավապահներն ու փրկարարները կոյուղու խողովակի մեջ հատուկ սարքավորումներով կենդանիներ և այլ առարկաներ են գցել, որպեսզի հասկանան, թե ինչ կլինի: Սակայն շատ չանցած կենդանիները քայքայվել և անհետացել են: Armlur.am-ի տեղեկություններով՝ վերջին անգամ որոնման աշխատանքներ կատարողները մոտ 100 կիլոգրամանոց խոզ են նետել խողովակի մեջ՝ դարձյալ հատուկ սարքավորումներով, սակայն խոզը ևս ճանապարհի կեսից կորել է: Սարքավորումները խափանվել են:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում դատաբժշկական փորձագետը, ով չցանկացավ նշել իր անունը, ասաց, որ թեև յուրաքանչյուր գործի մասին կարելի է հստակ խոսել միայն գործի մանրամասներին ծանոթանալուց հետո, սակայն տեսականորեն անհնար է, որ դիակը ամբողջությամբ քայքայվի:  

Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Նախաքննությունը ի վնաս Իսոյի է իրականացվում

Իսրայել Սարգսյանի փաստաբան. Մոսոյին նախ ողջերի մեջ պետք է փնտրել

Փաստաբան. Իսոյի մասին տեսանյութը տարածելու մեջ դիտավորություն եմ տեսնում

Աղբյուր. Թևոսիկի եղբոր սպանության նախաքննությունը վարում է ԱԱԾ-ն