18/02/2014 16:43
Փաստաբան. Իսոյի մասին տեսանյութը տարածելու մեջ դիտավորություն եմ տեսնում
«Եթե Իսրայել Սարգսյանի հարազատների հետ որևէ բան պատահի, դրա պատասխանատվությունը պետք է կրի նախաքննական մարմինը»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը:
«Մի քանի լրատվամիջոցներով տարածվել է տեսանյութ, որը իբրև թե իմ պաշտպանյալի մեղավորության ապացույցն է: Դրա պատճառով խախտվել է իմ պաշտպանյալի անմեղության կանխավարկածը, թե արդեն օրենքը փոխվե՞լ է, ես չգիտեմ: Այդ տեսանյութը տարածելու պատճառով տպավորությունն է ստեղծվում, որ դիտավորություն կա Ի. Սարգսյանի դեմ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ինքը առայժմ այդ մասին բարձրաձայնում է լրատվամիջոցներով, սակայն հնարավոր է՝ դիմի դատարան այս հարցով:
Հարցին՝ արդյոք Ի. Սարգսյանը ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Գ. Գալոյանը պատասխանեց, որ չի ընդունում և իր դեմ ապացույց է համարվում այդ տեսանյութը:
Փաստաբանը նաև նշեց, որ Ի. Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Հիշեցնենք, որ 41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանին (մականունը՝ Իսո) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 Հոդվածի 1 Մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) հատկանիշներով:
41-ամյա Արթուր Սաֆարյանը քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է:
Նախորդող հրապարակում՝ Թևոսիկի եղբոր սպանության գործը բացահայտվել է (Տեսանյութ)
Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված Իսոն չի ընդունում մեղադրանքը
Գոռ Վարդանյանի ֆեդերացիան խուզարկել են Թևոսիկի եղբոր սպանության հետ կապված