17/04/2014 11:00
Վանաձորում կներկայացվի «Քեսաբ» ֆիլմը
Ապրիլի 17-ին` ժամը 15:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ տեղի կունենա «Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունը: Ֆիլմին կհաջորդի քննարկում ֆիլմի համահեղինակ, ռեժիսոր Նանե Բագրատունու հետ:
Ֆիլմաշարի առաջին ֆիլմը ներկայացնում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայրի` Քեսաբի պատմությունը:
Ֆիլմում ներկայացվում է քեսաբցու կյանքն ու գոյատևման գաղտնիքները, ազգային ինքագիտակցությունն ու մշակութային առանձնահատկությունները, Քեսաբ հայկական մշակութային կղզին, որը հարատևել է թուրքական պետության եռակողմ հարևանությամբ, արաբների հետ համակեցությամբ:
Ֆիլմի հերոսները հենց տեղաբնակներն են` Քեսաբի բնակիչները. նրանք, ներկայացնելով իրենց պատմությունը սկսած մեր թվարկությունից առաջ` Տիգրան Մեծի ժամանակներից, հասնում են մինչ 21-րդ դար: Անդրադառնում են թուրքերի կողմից կազմակերպած 1909թ.-ի տեղահանությանն ու թալանին, 1915թ.-ի հայոց եղեռնին, և դրանից 3 տարի անց իրենց վերադարձին:
Քեսաբցի գիտնական, ազգագրագետ Հակոբ Չոլաքյանը, արաբ գիտնական Նիզար Խալիլին, պատմում են Քեսաբի պատմությունը փաստերով, իսկ բնակիչները` փոքրիկ դպրոցահասակներից մինչ տարեցներ ներկայացնում են իրենց անձնական պատմությունները, մասնավոր դիպվածներ:
102-ամյա քեսաբցի Գալիլ Նանան /Գալիլիա Մանճիկյանը/, ով 1915թ.-ին 7 ամյա աղջնակ է եղել, պատմում է եղեռնի մասին իր հիշողությունները` խոսելով իր ձեռքի փրկարար դաջվածքի մասին:
«Քեսաբ» վավերագրական ֆիլմ-նախագծի մտահղացման հեղինակներն են Մխիթարյան միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանը, Նորայր Մելքոնյանը, Նանե Բագրատունին, Լիպարիտ Ասատրյանը: Ֆիլմը նկարահանվել է 2009-2010թթ.-ին: