.jpg)
Մելքումյան. ԲՀԿ-ի հետ որևէ մեկը չի կարող ճնշումների լեզվով խոսել
Կառավարության ծրագիրը հանգրվանային է. այն միջանկյալ ծրագիր է, որի վրա հենվելով՝ կառավարությունը հետագայում ավելի լուրջ քայլեր կկատարի: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Այն, որ ԲՀԿ-ն չմասնակցեց ծրագրի քվեարկությանը, դա, պատգամավորի հավաստմամբ, քաղաքական բոյկոտ չէր. «Մենք չենք խանգարի այն միջոցառումներին, որոնք միտված են արտագաղթի տեմպերի նվազեցմանը, ժողովրդի բարեկեցությանը և խնդիրների լուծմանը, բայց այդ ամենը ժամանակը ցույց կտա»,- ասաց նա՝ կարևորելով ի դեմս վարչապետի ու նախարարների՝ քաղաքական կամքը, որը կդրսևորեն ներքին կարևոր հարցերի լուծման գործում:
Հարցին, թե իրենց վրա ճնշումներ չե՞ն եղել՝ կառավարության ծրագրին կողմ քվեարկելու համար, Մ. Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ-ի հետ որևէ մեկը թելադրանքի, ճնշումների կամ այլ տիպի լեզվով ոչ խոսել է, ոչ էլ կարող է խոսել։
«ԲՀԿ-ն կայացած, կուռ կուսակցական կառույց է, և մենք ունենք մեր կուսակցության շահերը, որոնք միտված են պետականության և պետության կայացմանը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք բավականին ազատ վարքագիծ են ունեցել և շարունակելու են այդպես: