Ղրիմը կա ու միշտ լինելու է Ուկրաինայի կազմում. Դեսպան
11/06/2014 16:26

Ղրիմը կա ու միշտ լինելու է Ուկրաինայի կազմում. Դեսպան

Ղրիմը կա ու միշտ լինելու է Ուկրաինայի կազմում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ ընդգծելով, որ Ուկրաինայի դիրքորոշումը Ղրիմի հարցում անփոփոխ է:

«Այդ մասին նաև օրեր առաջ հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ես չգիտեմ, թե ինչպես կվարվի Մոսկվան ստեղծված իրավիճակում, բայց մեր դիրքորոշումը դա է»,- նշեց դեսպանը:

Ւվան Կուխտան հավելեց նաև, որ նախագահն իր ծրագիրն ունի Ղրիմը վերադարձնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին՝ ապա ըստ նրա, Ղրիմի հանրաքվեն չեն ճանաչում. «Ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,-շեշտեց դեսպանը:

Անդրադառնալով Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացմանը՝ դեսպանն ընդգծեց, որ Ռուսաստանը այնուամենայնիվ հարևան երկիր է համարվում:

«Ուկրաինան արդեն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Մոսկվայի հետ: Եվ Պյոտոր Պորոշենկոն ասել է, որ Ռուսաստանի հետ պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, զարգացնի երկկողմ հարաբերությունները, ստորագրի նոր նորմատիվային փաստաթղթեր»,-նշեց Կուխտան:

Նախորդող հրապարակում՝ Ղրիմն ու Սևաստոպոլը դաշնությունների կարգավիճակով մտան ՌԴ կազմի մեջ
 

Ղրիմը կա ու միշտ լինելու է Ուկրաինայի կազմում. Դեսպան