18/03/2014 16:32
Ղրիմն ու Սևաստոպոլը դաշնությունների կարգավիճակով մտան ՌԴ կազմի մեջ
Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմեց ՌԴ Դաշնային խորհրդին՝ սահմանադրական կարգով Ղրիմի հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքը, որպես առանձին դաշնային միավորներ Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելու առաջարկով: Առաջարկը տեղում ընդունվեց ու ՌԴ նախագահի, Ղրիմի ու Սևոստոպոլի ներկայացուցիչների միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ Ղրիմն ու Սևաստոպոլը դաշնային միավորների կարգավիճակով մտան Ռուսաստանի կազմի մեջ:
«Ղրիմի ու Սևաստոպոլի բնակիչները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են»,- այս նախադասությամբ Կրեմլում Դաշնային խորհրդի ու Դումայի պատգամավորների առաջ իր ուղերձ սկսեց Վլադիմիր Պուտինն ու արժանացավ դահլիճի ծափահարություններին:
«Ղրիմի հարցը պատմական ու կենսական նշանակություն ունի: Պետք է ասեմ, որ մարտի 16-ին հանրքվեն անցել է լիովին ժողովրդավար սկզբունքներով և հանրաքվեի մասնակցիների 96 տոկոսից ավելին ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանի: Հիմա կարող են շատ բան խոսել, բայց թվերն ավելի քան համոզիչ են: Ղրիմը ռուսական տարածք է ու սա հասկանալու համար հերիք է իմանալ պատմությունը: Բարդ է անգամ ասել, թե ինչ է նշանակում Ղրիմը Ռուսաստնի համար ու հակառակը: Կամ Սևաստոպոլ քաղաքը... քաղաք-լեգենդն ու ՌԴ սևծովյան նավատորմի հայրենիքը: Ղրիմի ու Սևաստոպոլի ամեն մի անկյուն սուրբ է մեզ համար»,- ասաց Վլադիմիր Պուտինն՝ ընդգծելով, որ այսօր էլ այդ տարածքում ապրում է ավելի քան 1,5 մլն ռուս.
«Սրան զուգահեռ, պիտի ասեմ, որ մենք հարգում ենք Ղրիմում ապրող բոլոր ազգություններին: Ղրիմը միայն ռուսներինը չէ հիմա: Ղրիմն այնտեղ ապրող բոլոր ազգությունների ընդհանուր տունն է: Ես հիմա հայտարարում եմ՝ այնտեղ պետք է իրար հավասարազոր իրավունքներով լինի 3 պետական լեզու՝ ղրիմ-թաթարական, ռուսերենն ու ուկրաիներենը: Ղրիմն Ուկրաինային տվեցին ԽՍՀՄ տարիներին: Ոչ մեկ չհարցրեց տեղի բնակչության կարծիքը և հիմա իզուր չէ, որ տեղի բնակչությունը հայտարարում է՝ մեզ Ուկրաինային հանձնեցին կարտոֆիլի պարկի նման: Այդ ժամանակ տարածքները փոխանցվում էին մի մեծ պետության՝ ԽՍՀՄ կազմում և մենք անգամ չէինք պատկերացնում, որ մի օր Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են առանձին պետություններ լինել: Բայց եղավ այդպես: ԽՍՀՄ-ը փլուզվեց ու դրանից հետո միայն ռուսները հասկացան, որ իրենց թալանել են:
Ղրիմում բնակվող բազմաթիվ ռուսներ, ուղղակի, պառկեցին քնելու մի երկրում ու արթնացան մյուսում: Չեմ կարող ասել, թե ում էր ուզում սիրաշահել Խրուշչյովը՝ Ղրիմը Ուկրաինային տալով, բայց փաստն այն է, որ տեղի ունեցավ ապօրինի գործարք: ՌԴ-ն կուլ տվեց տեղի ունեցածը: Մեր պետությունն այն ժամանակ ուղղակի չէր կարող պաշտպանել իր շահերը: Բայց այս հարցերը բազմաթիվ անգամ բարձրացվում էին մեր պետության բարձրագուն ամբիոններից»,- հայտարարեց Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծեց՝ չնայած ամեն ինչին, եղբայրական ուկրաինական ժողովրդի հետ լավ հարաբերությունները Ռուսաստանի համար եղել ու մնալու են ամենակարևոր առաջնահերթությունը.
«Ես հասկանում եմ ուկրաինացի ժողովրդին: Իրենց իշխանությունն այդ մարդկանց, ուղղակի, զզվեցրել է: Փոխվում էին նախագահները, վարչապետները, բայց չէր փոխվում նրանց վերաբերմունքը ժողովրդի հանդեպ: Բոլոր իշխանավորները կթում էին Ուկրաինան: Բայց մարդիկ, ովքեր կազմակերպեցին Ուկրաինայում վերջերս տեղի ունեցածը՝ իշխանություններից հոգնածները չէին: Դրանք լրիվ այլ մարդիկ էին, նրանք, ովքեր հերթական պետական հեղաշրջումն էին պլանավորում: Այսօր այդ երկրում չկա լեգիտիմ իշխանություն: Որոշ նախարարների հետ հանդիպելու համար անգամ պետք է նախ պայմանավորվել Մայդանի մարտիկների հետ: Եվ սա չի կարող ընդունելի լինել»,- ասաց ՌԴ նախագահը:
Անդրադառնալով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ խոստացված սանկցիաներին՝ Պուտինն ասաց.
«Մեզ ասում են, որ մենք խախտում ենք միջազգային իրավունքը: Լավ է, շատ լավ է, որ նրանք գոնե հիմա հիշեցին, որ կա այդ միջազգային իրավունքը: ՌԴ զինված ուժերը չեն մտել Ղրիմ, նրանք այնտեղ արդեն իսկ գտնվում էին միջազգային համաձայնագրի շրջանակներում: Մեր կոնտինգենտն այնտեղ չի անցել նորմայից և ոչ մի մարտիկով: Ասում են ինտերվենցիա է տեղի ունեցել, հիմա ես հարցնում եմ՝ որտե՞ղ են նրանք տեսել, որ ռազմական ինտերվենցիան անցնի առանց որևէ զոհի ու առանց մի կաթիլ արյան: Անգամ առանց մի կրակված փամփուշտի: Կոսովոյի առանձնացումը Սերբիայից նրանք ընդունում են, մինչդեռ այդ նախադեպը ճիշտ այնպիսին է, ինչպես Ղրիմի դեպքում: Ուրեմն Կոսովոյին կարելի է ինքնորոշվել՝ Ղրիմին՝ ո՞չ: Մայդանի մարդիկ կարող են ժողովրդական ճանապարհով ընտրել իրենց ճակատագիրը, իսկ Ղրիմը՝ ո՞չ: Այս ի՞նչ ընտրողական քաղաքականություն է: Միջազգային իրավունքը չի կարելի հարմարեցնել քեզ ու քո շահերին, այն բացարձակ է ու չի կարելի մի օր բաժակին ասել սպիտակ է, հաջորդ օրը պնդել, որ այն սև է»,- ասաց Վլադիմիր Պուտինը:
Նա ընդգծեց, որ միջազգային հանրությունն այսօր պնդում է՝ Կոսովոյի դեպքն այլ էր, քանի որ այնտեղ բազմաթիվ զոհեր եղան.
«Հիմա ես հարցնում եմ՝ ինչո՞ւ եք ամեն բան այդքան սարկազմով ընդունում: Անպայման զոհեր պետք է լինեի՞ն Ղրիմում: Ղրիմում չեղան զոհեր այն պատճառով, որ ժողովրդի ու իր կամքի դեմ պատերազմել անիմաստ է ու անհնար: Եվ հիմա ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ուկրաինայի այն զինվորներին, ովքեր արյունահեղության չգնացին: Շնորհակալ ենք բոլոր այն պետություններին, որոնք գիտակցումով մոտեցան Ղրիմում մեր քայլերին»,- ասաց ՌԴ նախագահը՝ ավելացնելով.
«Անկեղծորեն ցանկանում եմ, որ դուք մեզ հասկանաք: Մենք միշտ հարգում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ի տարբերություն նրանց, ովքեր զոհաբերեցին Ուկրաինայի ամբողջականությունը: Ղրիմը եղել է ու կլինի և՛ ռուսական, և՛ թաթարական, և՛ ուկրաինական: Կրկնում եմ՝ այն հարազատ տուն է մնալու այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների համար, բայց այն երբեք չի լինելու բենդերական»:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակին, ապա Պուտինը ցանկացավ, որ Կիևում դարձյալ խաղաղություն լինի.
«Բայց կրկնում եմ՝ միայն ուկրաինացիները կարող են կարգի բերել իրենց տունը»: