12/07/2014 15:44
Ադրբեջանը Ռուսաստանի համար չունի այն արժեքը, ինչ Հայաստանը. Ա. Մանասյան
Հայաստանը սխալ դիվանագիտական մարատավարություն է ընտրել՝ ԼՂՀ հարցի կարգավորման հետ կապված: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, ում համոզմամբ՝ միաջազգային «մեսիջներին» Հայաստանը համարժեք պատասխան չի տալիս:
«ԼՂՀ խնդիրը ոչ թե հայ-ադրբեջանական, այլ միջազգային հարաբերությունների լուրջ խնդիր է»,- հավելեց նա՝ շարունակելով, որ Արցախի հարցով իրականում շահագրգիռ են ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև գերտերությունները, որի համար այսօր բանակցում են Եվրոպան, Ռուսաստանը, ինչպես նաև Ամերիկան:
Քաղաքագետի համոզմամբ՝ ԼՂՀ խնդրի լուծման բանալին պետք է փնտրել ոչ թե կողմերի հետ բանակցելով, այլ սիրիական կամ ռուս-չինական հարաբերությունների ներքո: Այս համատեքստում Մանասյանն ընդգծեց, որ հենց այդ նպատակով էին նաև Նազարբաևի և Ուորլիքի որոշ հայտարարությունները, որոնք խնդիրը էլ ավելի բարդացրին:
«Անհրաժեշտ շեշտադրումները Հայաստանը չի կատարում: Մեր քաղաքական այրերը սխալ մարտավարություն են ընտրել: Չպետք է ասվի, թե անհրաժեշտ է վերակագնել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, քանի որ այդ ժողովուրդն ունի այդ իրավունքը: Չի կարելի խնդիրը մի փոսի մեջ նետել, որից հետո դժվար կլինի հանելը: Չի կարելի ասել, թե ԼՂՀ-ն դուրս է մղվել բանակցային գործընթացից»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ ԼՂՀ ինքնորոշումն արդեն ճանաչված է, և այն էլ մի քանի անգամ, իսկ Հայաստանը պարտավոր է հարգել այդ ժողովրդի իրավունքն ու պահանջել դա մյուսներից:
Քաղաքագետի խոսքով՝ ժամանակին հայաստանյան իշխանությունները պնդում էին, որ Մաքսային միություն մտնելով ԼՂՀ խնդիրը կլուծվի, բայց այսօր արդեն խուսափում են այս մասին խոսելուց:
Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությանը, որն առնչվում էր Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելուն, Մանասյանը ընդգծեց՝ իսկապես եկել է ժամանակը այդ մասին բարձրաձայնելու:
«Այդ հարցը պետք է միջազգային հնչեղություն ստանա: Դա մի կարևոր խնդիր էր, որին պետք է պետական մոտեցում ցուցաբերվի: Սա ազգային անվտանգության խնդիր է: Իսկ Ադրբեջանի պես ագրեսիվ պետությանը պետք է ոչ միայն Ռուսաստանը զենք չվաճառի, այլ ընդհանրապես՝ ոչ ոք: Եվ այդ հարցը պետք է անշուշտ պաշտոնական մակարդակով բարձրացվի»,- հավելեց նա՝ շարունակելով, որ եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, ուրեմն ըստ իր պարտավորությունների՝ պետք է նաև Հայաստանին օգնի, իր սահմանները ամրացնել:
Ինչ վերաբերում է սահմանի լարվածությանը, ապա քաղաքագետը համոզված է, որ պատերազմ ամեն դեպքում չի լինի:
«Պատերազմի հավանականությունը մեր տարածաշրջանում շատ ցածր է: Միշտ էլ եղել է այդպես: ՄԽ համանախագահների հանդիպման օրերին սահմանին միշտ էլ լարվածություն է առաջացել: Եվ պատերազմը չի վերսկսվի, եթե մենք ճիշտ մարտավարություն ընտրենք: Ադրբեջանը Ռուսաստանի համար չունի այն արժեքը, ինչ Հայաստանը»,-ասաց նա:
Մանասյանը նկատեց նաև, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը ճիշտ քարոզչություն չի իրականացնում: Նա ընդգծեց, որ Հայաստանը մինչ օրս համարժեք չի արձագանքել Ջ. Ուորլիքի հայտարարություններին:
Aysor.am-ի դիտարկմանը՝ պաշտոնական Ստեփանակերտն արդեն արձագանքել է, քաղաքագետը պատասխանեց. «Պաշտոնական Ստեփանակերտն իր տեղն ունի, Հայաստանը՝ իր: Հայաստանը երբեք չի հայտարարել, որ այդ 7 շրջանները իրավաբանորեն չեն պատկանում Ադրբեջանին»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Սերժ Սարգսյան. Թուրքիայի հետ խոսելու շատ բան չունենք
«Սերժ Սարգսյանն իր հայտարարությունն արեց արժանապատվությունից դրդված»