05/07/2014 17:24
Չկա վերադարձ դեպի անցյալ. Դավիթ Բաբայանը արձագանքում է Հեֆֆերնին
Արցախը բազմիցս հայտարարել է, որ վերադարձ դեպի անցյալ չկա: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի հայտարարությանը՝ ասաց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ե՛վ սահմանների, և՛ կարգավիճակի առումով Արցախը միտված չէ անցյալ վերադառնալ: Մենք ունենք հստակ դիրքորոշում, որը կմնա անփոփոխ»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով՝ այդ հարցը անգամ սակարկելի չէ, քանի որ Արցախի ժողովուրդը երկար ու դժվարին ճանապարհ է անցել: «Եղել են զոհեր, անդառնալի կորուստներ, ցավեր ու տառապանքներ: Տարածքները վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով, հետևաբար դա ուղղակի անհնար է»,- ասաց նա՝ շարունակելով, որ ցանկացած կողմ կարող է արտահայտել իր տեսակետը, բայց դա չի նշանակում, որ մարդկանց կարող են պարտադրել:
Դիտարկմանը, թե ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, կարելի՞ է սա համարել ԵԱՀԿ ՄԽ համընդհանուր պաշտոնական դիրքորոշում, Դ. Բաբայանը պատասխանեց. «Ոչ, քանի որ, հակամարտությունը ընդհանրապես կարգավորվում է կողմերի համաձայնությամբ, երբ բոլոր կողմերը գալիս են մի ընդհանուր հայտարարի: Իսկ այս դեպքում կողմերը համաձայն չեն: Բանակցային գործընթացում գործում է հետևյալ սկզբունքը. Եթե մեկ հարցի շուրջ կա որևէ անհամաձայնություն, ապա մոտեցումն անընդունելի է»,- ասաց նա:
Իսկ թե ինչը կարող էր նման հայտարարության համար պատճառ հանդիսնալ՝ Դ. Բաբայանը դժվարացավ պատասխանել: «Այդ հայտարարությունը մեզ ո՛չ վհատեցնում է, ո՛չ մտահոգում, ո՛չ էլ որևէ հոգեբանական ազդեցություն ունենում: Սա, հավանաբար, իրենց պատկերացումն ու մոտեցումն է, որը կարծում եմ հնարավոր է փոխել: Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետո»,- ասաց նա: