12/07/2014 14:36
«Սերժ Սարգսյանն իր հայտարարությունն արեց արժանապատվությունից դրդված»
Պարտություն կրող իշխանությունները աշխարհի բոլոր երկրներում էլ հրաժարական կտային: Այսօր լրագրողների հետ հանդիպխման ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Այդպես պետք է վարվեն նաև մեր իշխանությունները»,- ասաց նա՝ հստակեցնելով, թե խոսքը վերաբերում է ոչ թե մանր-մունր, այլ կարևոր ու մեծ սխալներին: Իսկ այդպիսիք, ըստ նրա՝ մեր իշխանությունները շատ են թույլ տվել:
Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս Արգենտինայում արված հայտարարությանը, որում Նախագահն անդրադառնում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելուն, ԱԻՄ առաջնորդը նկատեց՝ եթե նախկինում իշխանությունները պատիվը կորցրած հանդես էին գալիս սովորական հայտարարություններով, ապա այդ հայտարարությունը ի զարման նրա՝ այդ հայտարարությունների շարքից չէ: «Արժանապատվության նշույլը նկատվեց»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արգենտինայում տված իր հարցազրույցում մասնավորապես նշել էր, որ Հայաստանի համար դա շատ ցավոտ հարց է և հայ ժողովուրդը շատ է մտահոգվում, որ իր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին։ Նախագահը վստահություն էր հայտնել սակայն, որ Հայաստանն իր սահմանը պաշտպանելու մեծ կարողություններ ունի: Եվ միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ թեև Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բայց վստահ է, որ Հայաստանի համար դժվար իրավիճակում Ռուսաստանը պատվով կկատարի ստանձնած իր պարտավորությունները։
Պ. Հայրիկյանը նկատեց, որ Հայաստանն իր ռազմավարությունը որդեգրել է դեռևս հանրաքվեի շնորհիվ՝ 91 թվականին, որն ապացուցում է, որ հայերը չեն ենթարկվում բռնապետություններին:
«Մեր իշխանությունները մի քանի տարի առաջ ուրիշ բանակցություններ էին վարում ԵՄ հետ, իսկ այսօր այլ հարաբերություններ են հաստատում Ռուսաստանի հետ: Այդուհանդերձ՝ Նախագահ Սերժ Սարգսյանը արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ իր հարաբերությունները չի պատրաստվում փչացնել ԵՄ հետ: Այս ընթացքում մենք ականատեսը եղանք մի քանի հրաժարականների: Նախագահի՝ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը նույնպես հրաժարականների այդ շարքից էր: Թեև այդ հրաժարականը այսօր պայմանավորում են անվտանգության խնդիրներով, այնուամենայնիվ՝ Նախագահը հիմա ինքն է խոստովանում, որ ՄՄ շրջանակներում համագործակցության պայմաններում մեր անվտանգությունը կրկին երաշխավորված չէ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ստացվում է, թե այդ հայտարարությունը նույնպես հրաժարականի մի տեսակ է, որը ոչ թե կամքից դրդված է եղել, այլ հակառակը՝ ակամայից:
«Այս իրավիճակում սպասում ենք, որ պետք է լինի ամենատրամաբանականը՝ իր հրաժարականը: Այդպիսի հայտարարություն նա կարող է անել նաև հանուն արժանապատվության, բայց այս դեպքում նա պետք է այդ հայտարարությունը անի հանուն հայ ժողովրդի»,- ասաց նա:
Անդրադառնալով կոնկրետ հայտարարությանը՝ Հայրիկյանն ընդգծեց, որ հավանաբար Նախագահը զգացել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում ոչ թե բիզնես շահերով, այլ Ռուսաստանն ունի այլ նպատակներ:
«Ռուսաստանը Հայաստանին ոչ թե վաճառել է զենք, այլ պաշտպանական բնույթի զենքեր է նվիրել: Հավանաբար Նախագահը սկզբում մտածում է, որ դա իսկապես բիզնես է, բայց հիմա, ըստ երևույթի, սկսել է վերլուծել ու հասկանալ, որ դա այլ նպատակ է հետապնդում: Ադրբեջանին զենք վաճառելն ուղղակի թշնամություն է իր դաշնակցի նկատմամբ»,-ընդգծեց նա:
Հայրիկյանի համոզմամբ՝ ամեն դեպքում այս ամենի մեջ մի դրական բան է երևում: Այսինքն՝ կարելի է մի փոքր ուրախանալ, որովհետև վերջապես Սերժ Սարգսյանը հասկացավ, որ հայ ժողովրդին չպետք է ստրկացնել:
«Ես կարծում էի, թե մենք լրիվ ստրկացել են, բայց Նախագահի այդ հայտարարությունը հակառակն ապացուցեց: Նա հասկացել է, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանին քաղաքականապես թուլացնել՝ գիտակցելով, որ Հայաստանին Ռուսաստանը դրել է կախվածության մեջ: Երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանն արհամարվում է ռուսների կողմից, հավանաբար Նախագահը մտածեց արժանապատվության մասին. և ոչ թե իր, այլ՝ հայ ժողովրդի: Ըստ իս՝ արժանապատվության ինչ-որ նշույլ մնացել է, որ նա նման հայտարարություն արեց: Ասյինքն՝ ազատության սահման կա, որը չի կորել: Ս. Սարգսյանը հասկանալով, որ ամեն ինչ կորած է, փորձեց գոնե այդ մասին խոսել: Նա կարող էր խոսել Երևանում, բայց Արգենտինայում դա ավելի հնչեղ դարձավ»,- ասաց ԱԻՄ առաջնորդը: