.jpg)
ՊՆ. Ադրբեջանը փորձում է ազդել բանակցությունների ու իր ներքին լսարանի վրա
Ընդհանուր առմամբ այս տարի Հայաստանի, Արցախի, հայկական բանակի համար լարված ժամանակահատված էր: Այս մասին այսօր Կառվարությունում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ տեղի ունեցողը Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ռազմական հռետորաբանության արդյուք է:
«Հրադադարի ռեժիմի խախտումները, դիվերոսիոն-հետախուզական գործողությունները, սպառազինությունների մրցավազքը հանգեցրեցին նրան, որ այս տարի՝ ի տարբերություն նախորդ տարվա, հրադադարի ռեժիմի խախտման 18 հազար դեպք է արձանագրվել, երբ անցած տարի այդ դեպքերը 13 հազարն էին: Այս ժամանակահատվածում գրանցվել է 26 դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, որոնցից 15 դեպքը՝ հուլիսի 25-ից մինչև այսօր»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
«Ադրբեջանական կողմը դեռևս շարունակում է աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ իրականացնել՝ խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններ` մեծ տրամաչափի զինատեսակներից, շփման գծում և թիկունքում տեղաշարժեր: Օգոստոսի 1-ից սկսած հակառակորդի կողմից անընդհատ խախտվում է հրադադարի պահպանման ռեժիմը ՀՀ դիրքերի ուղղությամբ: Նաև մշտական գնդակոծության տակ են Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը: Հակառակորդի կողմից օգտագործվում են մեծ տրամաչափի զինատեսակներ, իրականցված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողությունները և փորձերը թույլ են տալիս ասելու, որ դրանք դժվար է որակել զուտ որպես դիվերսիաներ, քանի որ այդ գործողությունները կատարվում են նաև ցերեկային պայմաններում, մեծ խմբերով և բացահայտ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այդ բոլոր փորձերը ձախողվել են.
«Բայց մենք էլ ունենք շատ ցավալի կորուստներ: Հայկական կողմից զոհվել են զինծառայողներ Արարատ Խանոյանը, Գոռ Գրիգորյանը, Ազատ Ասոյանը, Զորիկ Գևորգյանը, Սարգիս Մովսիսյանը, Խաչատուր Բադասյանը և Արամ Գրիգորայանը: Նրանք հետմահու ՀՀ և ԼՂՀ կողմից արժանացել են պարգևների: Պետք է ասեմ, որ այս պահին հակառակորդի կողմից իրականացվում են նաև այլ գործողություններ՝ հայտարարվել է հրամկազմի հավաք, ստորաբաժանումները բերվել են ծառայության ուժեղացված ռեժիմի, մտցվել են զորանոցային իրավիճակների, արձանագրվել են զինտեխնիկայի տեղաշարժ գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց: Իրականցվում է ինքնաթիռների և ուղղաթիռների ակտիվություն պաշտպանական գծի երկայնքով: Սրան զուգահեռ շարունակվում է նաև ադրբեջանական կողմից ապատեղեկատվության տարածումը»,- ասաց Պաշտպանության նախարարը՝ ավելացնելով, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում ներկայացնում է, թե հաղթանակն իրենք են տարել և հայկական կողմը մեծ կորուստներ է տվել.
«Իրականում ամեն բան հակառակն է: Հայկական մեկ զոհի դիմաց ադրբեջանական կողմը տվել է ութ-ինը զոհ: Որոշ ադրբեջանական սահմանային բնակավայրերում խուճապ և մարդկանց արտահոսք կա: Ամբողջացնելով պիտի ասեմ, որ հակառակորդի կողմից նման գործողություններն աննախադեպ են 1994թ.-ից հետո, և դա չի սահմանափակվում զուտ հրադադարի խախտումներով: Իրականացնում է ավելի լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստում, որը նպատակ ունի բանակցային գործողությունների վրա ազդել ու ազդել նաև ներքին լսարանի վրա»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ մեր զինված ուժերի կողմից էլ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ստորաբաժանումները բերվել են մարտական բարձր պատրաստվածության աստիճանի: Եվ՛ սահմանային, և՛ ռեզերվային հատվածում, հրամանատարկան կետերը, ղեկավարման ամբողջ համակարգը գործում են շուրջօրյա ռեժիմով.
«Հատկապես գիշերային պայմաներում ծառայության ռեժիմը ուժեղացված է: Մեր զինծառայողների մարտական ոգին էլ բարձր Է»,- ասաց Սեյրան Օհանյանը: