07/08/2014 14:30
Տոնուսի գործ. Բանկը թող հրապարակի Կառավարության հետ բանակցությունները
«Տոնուսից» տուժած քաղաքացիները «Արցախբանկից» պահանջում են հրապարակել ՀՀ կառավարության հետ բանակցությունների տեղեկատվությունը, որպեսզի հասկանան, թե ով է կանգնեցնում գործընթացը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խաբված բնակարանատերերից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
«Մի քանի օր առաջ մենք ներքին կարգով տեղեկացանք, որ բանկի սեփականատերը՝ Հրաչ Գաբիելյանը, Հայաստանում է և մի քանի բնակարանատերերի ու նրա միջև հանդիպում է եղել: Հ. Գաբիելյանը ասել է, որ կառավարությանը պահանջ է ներկայացրել, որ բնակարանների արժեքից հանի Ավելացված արժեքի հարկը, սակայն դա արվում է միայն բացառիկ դեպքերում, և նույնքան անհասկանալի պահանջ է, ինչպես որ մեզանից ամեն քառակուսի մետրի համար լրացուցիչ 300 ԱՄՆ դոլար պահանջելը: Հիմա մենք պահանջում ենք, որ բանկը հրապարակի Կառավարության հետ բանակցությունների ընթացքում արված իր քայլերի մասին տեղեկատվությունը, կամ էլ մեր ներկայացուցիչը ներկա գտնվի նրանց հանդիպումներին, որ մենք հասկանանք, թե ով է կանգնեցնում գործընթացը»,-ասաց նա:
Բնակարանատիրոջ խոսքով՝ իրենց խնդիրը միայն բանկի հետ է, այն իրավական դաշտում է և իրենք ոչ Կառավարությունից, ոչ էլ այլ կառույցից որևէ բան չեն կարող պահանջել:
Հարցին՝ ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել առաջիկայում և արդյոք առկա է հուսահատություն բնակիչների շրջանում, նա պատասխանեց.
«Պատկերացրեք, որ մեկի տունը փորձում են խլել, նա ի՞նչ պետք է անի, ամեն ձևով թույլ չենք տա մեր բնակարանները խլեն, ինչքան կարող ենք, կպայքարենք: Մի երկու ամիս առաջ բանկից մեզ խոսք տվեցին, որ մենք մեր բնակարանի տերն ենք, մեզ համար զեղչեր կանի, վարկ կտա առանց տոկոսի, 5 տարով և իրենց խոսքը հազար հատ թուղթ արժի, բայց դրանից հետո ոչինչ չի եղել: Հուսահատված չենք, խաբված ենք, ի վերջո, 200 մարդ հավատացել է իրենց, բայց սուտ են ասում, ինչ ասում են»,-ասաց նա:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ թեև «Արցախբանկը» ՀՀ կառավարության հետ համատեղ աշխատում է որպեսզի «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած քաղաքացիների հարցը լուծելու ուղիներ գտնի, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այս մասին «Ժողովուրդը» տեղեկացել է ընկերությունից տուժած քաղաքացիներից:
«Դեռ ոչ մի առաջընթաց, ոչ մի կոնկրետ ժամկետներ և կոնկրետ որևէ քայլ չի արվում»,- հուսահատված ասել է քաղաքացիներից Քնարիկ Բարսեղյանը: Նրա խոսքով՝ տուժած բնակարանատերերի մեծ մասն այս օրերերին երկրում չէ, ինչի հետևանքով էլ բողոքի ակցիաներ չեն անցկացվում. «Ճիշտ է, հարցը լուծելու ուղղությամբ իրենց խոստացած ժամկետներն անցել են, բայց այնուամենայնիվ, մենք դեռ շարունակում ենք հույսով սպասել»,-ասել է նա:
Նախորդող հրապարակում՝ «Տոնուսի գործ». Բնակարանատերերը ձվերով հարվածել են բանկի ապակիներին
«Տոնուսից» խաբված սեփականատեր. Առանց ինձ ինչպե՞ս կարող են պայմանագիր կնքել
«Տոնուսի գործ». Դավիթաշենի շենքի բնակիչների հարցով դեռևս առաջընթաց չկա