.jpg)
Կարմիր խաչը՝ Ադրբեջանում սպանված հայ գերու մասին
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակն արդեն տեղյակ է պահվել հայ գերի Կարեն Պետրոսյանի մահվան մասին: Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին:
«ԿԽՄԿ-ն դեպքի հետ կապված մանրամասները քննարկում է կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում ու դա է պատճառը, որ հանրային հարթակում մեկնաբանություն չի անում»,-ասաց Զառա Ամատունին: Կարեն Պետրոսյանի դիակի տեղափոխմանը վերաբերող հարցին մեր զրուցակիցը որևէ պատասխան չտվեց:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում սպանվել է նախօրեին հակառակորդի կողմում հայտնված հայ գերի, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը:
Ըստ Ադրբեջանի ՊՆ ներկայացված վարկածի՝ Կարենը, իբրև թե, մահացել է սրտի սուր անբավարարությունից: Տեղի ունեցածի մասին տեղյակ է պահվել ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակը:
Նշենք, որ Կարեն Պետրոսյանը քաղաքացիական անձ էր: Դրա մասին գրել էին նաև ադրբեջանական լրատվամիջոցները, ինչը հաստատել էր նաև Աղբուլաղ գյուղի ղեկավարը, ում գյուղում էլ առաջինը նկատել են նրան:
Չնայած սրան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նրան հարցաքննել ու ներկայացրել է որպես դիվերսանտ:
Նախորդող հրապարակում՝ Ինչպես է Ադրբեջանը գերեվարված քաղաքացիական անձին «դիվերսանտի» վերածում