07/08/2014 16:52
Ինչպես է Ադրբեջանը գերեվարված քաղաքացիական անձին «դիվերսանտի» վերածում
Քիչ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզին հարակից Ադրբեջանի Թովուզի շրջանում գերեվարվել է ՀՀ քաղաքացի 1965թ. ծնված Արտուշ Պետրոսյանը: Ըստ ՀՀ ընտրողների ռեգիստրի՝ նման անուն ազգանունով քաղաքացի բնակվում է Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղում (ծննդյան թիվը, սակայն, չի համընկնում):
Ավելի ուշ, Armenpress.am-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հաստատեց, որ գերեվարվածն այդ գյուղից է՝ ճշգրտելով՝ Ադրբեջանում հայտնված քաղաքացու անունը ոչ թե Արտուշ է, այլ՝ Կարեն Պետրոսյան, նա 31 տարեկան է:
Քաղաքացու՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները դեռ ճշտվում են, մինչ այդ՝ ադրբեջանական լրատվամիջոցներն ու նաև պաշտոնական օղակները շարունակում են իրար հակասող ինֆորմացիա տալ:
Այսպիսով՝ haqqin.az կայքում տեղական ժամանակով ժամը 16:49 տեղադրվում է նյութ, որում նշված է՝ հայ երիտասարդը ադրբեջանակն գյուղում հայտնվել է քաղաքացիական հագուստով ու թեյ է խնդրել: Նրան առաջինը նկատած գյուղացին պատմում է.
«Տանն էի: Լսեցի, որ բակում ինչ-որ մեկը մորիցս թեյ է խնդրում, դուրս եկա տեսա նրան: Ժեստով ինձանից ծխախոտ խնդրեց, հարցրեցի՝ իսկ դու չունե՞ս: Հանեց ծխախոտի դատարկ տուփը ցույց տվեց: Հասկացա, որ ծխախոտի տուփն ադրբեջանական արտադրության չէ ու բռնեցի նրան՝ հանձնելով զինվորականներին»:
Ավելին` Աղբուլաղ գյուղի գյուղապետ Թոֆիկ Հուսեյնովը հաստատել էր, որ իր գյուղում գերեվարվածը քաղաքացիական անձ է:
Ընդամենը մի քանի րոպե անց՝ 16:52-ին, նույն haqqin.az-ում հրապարակվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Թովուզի շրջանում քիչ առաջ կանխվել է հայկական «դիվերսիոն ներթափանցման փորձ» և հաջողվել է գերեվարել «խմբի անդամ» Կարեն Պետրոսյան անունով երիտասարդի:
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն այսպիսով փորձում է քաղաքացիական անձին տալ ռազմագերու կարգավիճակ:
Հիշեցնենք միայն, որ Արցախում ձերբակալված օրինակ Դիլգամ Ասքերովն ու Շահբազ Գուլիևն, ում նույն Ադրբեջանը փորձում էր որպես հովիվ ներկայացնել իրենց մոտ ունեին զինամթերքի մեծ քանակ, լուսա-տեսանկարահանող սարքեր: Հասցրել էին դաժանաբար սպանել 17-ամյա երիտասարդի և ԶՈւ մայորի ու ծանր վիրավորել էին քաղաքացիական կնոջ:
Այսօր գերեվարված ու դիվերսանտ ներկայացվող Կարեն Պետրոսյանի մոտ, ինչպես հենց ադրբեջանական աղբյուրներն են վկայում՝ ծխախոտի դատարկ տուփից բացի՝ ոչինչ չի եղել: