13/09/2014 15:08
Երկրի ներքին վիճակի խախտումը վտանգավոր է սահմանների համար. Վ. Գասպարյան
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը թեև թեժ աշուններին հումորով է վերաբերվում, բայց գտնում է, որ դրանց դեմ, ամեն դեպքում, համապատասխան միջոցներ կան:
«Կարող եմ հումորով էլ պատասխանել. թեժ աշնան համար կան նաև սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Կարող եմ ասել այնպես, ինչպես ես մտածում եմ, ուզում է թեժ լինել, ուզում է սառը, պետք է ամեն ինչ տրամաբանության մեջ լինի, օրենքի տառին համապատասխան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետը՝ ընդգծելով, որ թեժ աշունները կարող է և շահեկան են, սական երբ դրանք լինում են օրենքի խախտումներով, ոստիկանապետի համար դրանք անընդունելի են:
«Ես դա չեմ ընդունում, որովհետև ես գիտեմ՝ ինչ է նշանակում խժդժումներ, պատերազմներ և կորուստներ»,- ասաց նա:
Վ. Գասպարյանի համոզմամբ՝ երկրի ներքին ստաբիլ վիճակի խախտումը վտանգ է հանդիսանում սահմանների համար. «Խոնարհումով ծառայելով ժողովրդին՝ ես թույլ չեմ տա, որ իմ երկրում իրար կոտորեն: Ցանկացած օրինախախտում խստագույնս կպատժվի: Մենք ազնիվ ենք մեր գործի մեջ, և մեզ պետք չի թիրախ դարձնել անազնվության հարցերում»:
Նրա հավաստմամբ՝ ոստիկանությունը չի զբաղվում քաղաքականությամբ, ոստիկանությունը տիրապետում է քաղաքականության հոգեբանությանը, և քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակներում մշակում է իր համապատասխան օպերատիվ կանխարգելիչ միջոցառումները:
Լրագրողի դիտարկմանը, թե թեժ աշնան մասին խոսելիս ոստիկանապետն օգտագործեց իշխանության բառապաշարը, արդյոք դա չի հաստատում, որ ոստիկանապետը քաղաքական գործիչ է, նա արձագանքեց այսպես. «Անհամեստորեն կասեմ, որ քաղաքական չէ, բայց պետական գործիչ ինձ համարում եմ, որովհետև ես մտածում եմ մեր սերունդների մասին: Ես չունեմ քաղաքական շահ, ես ունեմ օրենքի գերակայության շահ, իսկ օրենքի գերակայության շահով ինձ վստահված սահմաններում կհասնեմ դրան, որ օրենքը գերակայի, այլ ոչ թե թայֆայաբանությունը, զոռբայությունը և այլն: Դժվար է լինելու, բայց ես հասնելու եմ դրան: Քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, իմ քաղաքականությունն իմ երկիրն է, մեր ընտանիքները, մեր երեխաները»,- ասաց նա: