Լևոն Տեր-Պետրոսյան. Եկել է Ավգյան ախոռները մաքրելու ժամանակը
10/10/2014 20:32

Լևոն Տեր-Պետրոսյան. Եկել է Ավգյան ախոռները մաքրելու ժամանակը

Մենք այլևս մանր-մունր հարցերով զբաղվելու իրավունք չունենք, և եթե մոտ ժամանակ չլինի իշխանափոխություն` թե' Հայաստանը, թե' Արցախը դատապարտված են կործանման: Այս մասին այսօր Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ ասաց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա նշեց, որ երկրում եղած բոլոր չարիքների արմատը վարչախմբի հանցավոր էությունն է ու ստեղծված իրավիճակը պահանջում է ամբողջական լուծումներ:

«Եկել է ավազակապետությունից ազատվելու ու Ավգյան ախոռները մաքրելու ժամանակը»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանն` ավելացնելով.

«Ավելի հարմար պահ, քան այս պահը, երբ վարչախումբը բոլորովին մեկուսացած է, իսկ ընդդիմությունն առավելագույնս համախմբված է ու վճռական, իսկ ժողովրդի համբերությունը լցված է, միջազգային հանրությունն էլ երես է թեքել Հայաստանի իշխանություններից` ուղղակի չի լինի»:

Տեր-Պետրոսյանն առանձնացրեց իր կարծիքով կարևորագույն այն կետերը, որոնք անխուսափելի են դարձնում իշխանափոխությունը.

«Առաջին` ո'չ 2008 թ.-ի, ո'չ էլ 2013 թ.-ի ընտրություններում Սերժ Սարգսյանը չի ընտրվել, այլ նախագահի աթոռը զավթել է ընտրակեղծիքների, բռնությունների, վարչական ռեսուրսի շահագործման ու 10 քաղաքացիների գնդակահարության գնով: Թե' նրա, թե' Ազգային ժողովի իշխանությունը լեգիտիմ չէ: Երկրորդ` ոչ լեգիտիմ լինելու հետ մեկտեղ Հայաստանի իշխանական բուրգ խրված է կոռուպցիայի մեջ: Կոռուպցիայի ախտով վարակված է ՀՀ իշխանության ողջ վերնախավը: Շուրջ 5000 պետական պաշտոնյա քերթում է ժողովրդի կաշին: Որպես պատմաբան հավաստում եմ` նույնիսկ օտարների տիրապետության օրոք Հայաստանն այնսպիսի թալանի չի ենթարկել, ինչպես հիմա է: Երրորդ` ահավոր չափերի է հասել արտագաղթը: Գաղջ մթնոլորտը, Սփյուռքի գործոնը կամ Ղարաբաղի սառեցված հակամարտությունն արտագաղթի հետ ոչ մի կապ չունեն: Ոչ մի այլ պատճառ, քան ժողովրդի անխնա թալանը, փնտրել պետք չէ: Ժողովրդին այս պայմաններում մնում է միայն կա՛մ արդարադատություն փնտրել, կա՛մ` հեռանալ երկրից: Սա է արտագաղթի ողջ գաղտնիքը: Եվ վերջին կետը. սարգսյանական վարչախումբն արդեն այնքան է փչացել, որ այլևս ընդունակ չէ բարեփոխվելու: Բարեփոխվելու մտադրության առկայության պարագայում՝ հանցագործությունների մեջ թաղված անձնավորություններից մեկը ԱՄՆ-ում դեսպան, իսկ մյուսը` Սյունիքում մարզպետ չէր նշանակվի»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա նշեց, որ հետագա քայլերի մասին ոչ իշխանական ուժերը կհայտարարեն առաջիկայում կայանալիք հանրահավաքի ժամանակ:

Նախորդող հրապարակումներ՝ Լևոն Տեր-Պետրոսյան. Ռոբերտ Քոչարյանն ու ՕԵԿ-ը կապ չունեն մեր շարժման հետ 

Ծառուկյանն այս անգամ չխոսեց, խոստացավ խոսել հաջոդ հանրահավաքին

«Հիմա, հիմա». Հանրահավաքի մասնակիցներն ընդհատեցին Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը

 Լևոն Զուրաբյան. Իշխանություններին ուղարկելու ենք իրենց սիրելի ջանդամի ծոցը

Լևոն Տեր-Պետրոսյան. Եկել է Ավգյան ախոռները մաքրելու ժամանակը