10/10/2014 19:35
«Հիմա, հիմա». Հանրահավաքի մասնակիցներն ընդհատեցին Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը
Հինգ տարի առաջ այս օրը ստորագրվեցին արձանագրությունները, որոնք հակապետական ու հակասահմանադրական էին:
Անցյալ տարի պետական հանցագործությամբ նա գողացավ ոչ թե իմ քվեն, այլ` ժողովրդի ձայնը: Իսկ այսօր առանց որևէ լեգիտիմության առոչինչ իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի վրա, որը վաճառում է Հայաստանի անկախությունը:
Այս մասին այսօր ոչ իշխանական երեք ուժերի հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ընդգծելով, թե ժողովուրդը չի ընդունում ու լեգիտիմ չի համարում այդ բոլոր քայլերը.
«Այո, միայն լեգիտիմ իշխանությունը կարող է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, իսկապես գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ այս իշխանության վարած արտաքին ու ներքին քաղաքականությունն առոչինչ է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ անելու են ամեն բան, իսկ ժողովուրդը պիտի հաշվետու պահի հարթակում կանգնած ուժերին:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն ընդհատվեց, քանի որ հրապարակում հավաքված մարդիկ սկսեցին բղավել` «Հիմա', հիմա'»:
Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց մի քանի րոպեով լռել, որպեսզի կարողանա հետագա քայլերը ճշգրտել Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Միասնական քննարկում, սակայն, չստացվեց, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ առանձին խոսեց Գագիկ Ծառուկյանի հետ, այնուհետև` մի փոքր հեռվում կանգնած Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Նախորդող հրապարակումներ՝ Լևոն Զուրաբյան. Իշխանություններին ուղարկելու ենք իրենց սիրելի ջանդամի ծոցը
Ս. Դեմիրճյան. Հայաստանին արհեստական օրակարգեր պետք չեն
Ռ. Հակոբյան. Միակ փրկությունն ամբողջական իշխանափոխության պահանջն է
Նաիրա Զոհրաբյան. Հարթակում կանգնած ուժերը ձեզ հուսախաբ չեն անելու