29/10/2014 16:07
Փաստաբան. Յուվեցի Կարոյի գործով մեղադրանքը հիմնավորված չէ
ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) մարմնական վնասվածք պատճառելու գործով քննչական փորձարարություն չի կատարել, որը կհիմնավորեր՝ արդյոք Արթուր Զադոյանի կողմից իրական վտանգ եղել է Կարո Կարապետյանի կյանքի նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ամբաստանյալ Ա. Զադոյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը։
Ս. Սարգսյանը ասաց, որ գործը 5 տարի կասեցված մնալուց հետո վերաբացվել է և իր պաշտպանյալին ևս 2 հոդված առաջադրվել՝ առանց ապացույցների:
Դեպքի վայրից, փաստաբանի խոսքով, հայտնաբերված 3 զենքը, որոնցից մեկը ապօրինի է եղել, Ա. Զադոյանին չի պատկանում:
Նրա խոսքով՝ այդ օրը Ա. Զադոյանի հագին եղած գուլպաները չեն առգրավվել, ուստի փորձարարություն անցկացնելը անհնարին է, իսկ Ա. Զադոյանը չէր կարող գուլպայի մեջ զենքով 10 րոպե վազել և վիճել, ինչում քննիչը համոզվել է:
Փաստաբանի խոսքով՝ դեպքի վայրում եղած վկաները «անգիր արած» ցուցմունքներ են տալիս դատարանում, երբեմն վրիպումներ անում, օրինակ՝ վկա Մովսիսյանը հիշատակել է իր կողմից լսած 3 կրակոցի մասին, սակայն դատախազի հարցերով հիշել, որ դրանք 4-ն են եղել:
Հիշեցնենք, որ 2009 թ. Երասխ-Երևան ավտոճանապարհին ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին:
Վերջինս էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Նրանք նաև ծեծի էին բռնվել և Ա. Զադոյանը ոտքերի հարված է ստացել գլխին և ուղեղի ցնցում ստացել, որից հետո վիրահատության է ենթարկվել:
Գործը ՀՔԾ-ում վերաբացվել է այս տարվա մարտին: Ա. Զադոյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ձեռք բերելու, պահելու, հրազեն և ռազմամթերք կրելու և Կ. Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար: