15/12/2014 16:20
«Արամ Մանուկյանը հետևում է գործընթացին ու տեղյակ է, որ կասկածվող անձին ազատ են արձակել»
«Արամ Մանուկյանը դեռ հիվանդանոցում է, բուժում է ստանում: Առաջիկա երկու օրերին էլ կմնա հիվանդանոցում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի որդին` Արեն Մանուկյանը: Վերջինս նշեց, որ բժիշկները դեռ դժվարանում են ասել, թե հարձակման ենթարկված ընդդիմադիր պատգամավորը երբ դուրս կգրվի հիվանդանոցից:
Հարցին` տեղյակ է արդյոք, որ հոր նկատմամբ հարձակում իրականացնելու մեջ կասկածվող անձը, ով ավելի վաղ բերման էր ենթարկվել, ազատ է արձակվել` ՀՀ գլխավոր դատախազի պարզաբանմամբ `«որովհետև, ըստ համապատասխան մարմնի, դա ծանր հանցագործություն չէ» և ինչպես նա այդ փաստը կմեկնաբանի, Արեն Մանուկյանն ասաց, որ այս պահին զերծ կմնա մեկնաբանություններից.
«Հիմա որևէ մեկնաբանություն այդ կապակցությամբ չեմ ուզում տալ»:
Իսկ հարցին` Արամ Մանուկյանը տեղյա՞կ է, որ իրավապահները կասկածվող անձ ունեն, ում ազատ են արձակել ստորագրությամբ ասաց.
«Տեղյակ է, գործընթացին հետևում է: Բայց որևէ մեկնաբանություն դեռ չունենք»:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը ծեծի էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան իր տան բակում, ինչի արդյունքում ուղեղի ցնցում ու սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց ու այժմ էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ: