15/12/2014 17:47
Շարմազանով. Ոչ իշխանականները շոու սարքեցին, մենք էլ արժանի պատասխանում ենք
Այս պահին արտահերթ նիստ հրավիրելը նպատակահարմար չէ: ԱԺ-ում այս մասին հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ընդդիմության բոյկոտին:
Հիշեցնենք, որ այսօր ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին Կառավարության հրավիրած հրատապ արտահերթ նիստը` պատճառաբանելով, թե արտահերթ նիստի ընթացքում պետք է քննարկվեն վերջին շրջանում իրականացվող բռնությունները:
Է. Շարմազանովն ընդգծեց, որ անհիմն է համարում արտահերթ նիստի հրավիրումը, իսկ ոչ իշխանական ուժերի պահվածքը ցույց տվեց, որ նրանց նպատակը ոչ թե խնդրի լուծումն է, այլ` քաղաքական աղմուկ բարձրացնելը: «Հենց նոր ես ծանոթացել եմ արտահերթ հրավիրելու ձևաթղթին և իմ դիրքորոշումն ավելի ամրապնդվեց: Այդ ձևաթղթում այնպիսի ձևակերպումներ կան, որոնք կապ չունեն խորհրդարանականների լիազորությունների հետ և ուղիղ միջամտություն են ՀՀ Նախագահի լիազորություններին: Ծիծաղելի է, որ Ազգային ժողովը նման հարց քննարկի. դա անլուրջ է»,- ասաց Է. Շարմազանովը:
Նա տեղեկացրեց նաև, որ ձևաթղթի երկրորդ կետով ոչ իշխանական ուժերը պահանջում են ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրաժարականը: «Ոստիկանության զորքերի հրամանատարին ազատելու և նշանակելու հնարավորություն ունի միայն ՀՀ Նախագահը»,- հավելեց փոխխոսնակը:
Պատգամավորի խոսքով` խորհրդարանն արդեն իսկ իր մտահոգությունը հայտնել է այդ հարձակումների վերաբերյալ և խնդրի լուծումը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների իրավասության շրջանակներում: Շարմազանովը վստահ է նաև, որ իրավապահները պարզ, բաց, հրապարակային աշխատում են և որևէ խնդիր չի լինի այս առումով:
«Ազգային ժողովի նախագահը հայտարարության տեքստ ընթերցեց, որտեղ բոլոր ուժերի կողմից դատապարտվում էր նման գործունեությունը: Դրանից այն կողմ ի՞նչ պետք է անի Ազգային ժողովը: ԱԺ-ն ո՛չ իրավապահ մարմին է, ո՛չ դատախազություն է, ո՛չ քննչական կոմիտե է, ո՛չ էլ` ոստիկանություն»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնց դեպքում վերջին հարձակումների հարցով մտահոգված և արտահերթ նիստ հրավիրող քաղաքական ուժերը լռում են: «Օրինակ` հակառակորդի կողմից ուղղաթիռի խոցումը, թող արտահերթ նիստի առիթ լիներ, օգոստոսյան դեպքերը և այլն: Իմ խորին համոզմամբ՝ նրանց բոյկոտի գնալու նպատակը մեկն էր, նրանք չէին կարող կողմ չքվեարկել ԵՏՄ-ին` Հայաստանի անդամակցության հետ կապված օրենասդրական փաթեթին, որը հիմա խորհրդարանում քննարկվում է: Նրանք արդեն կողմ էին քվեարկել Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին, ուստի սա իրենց համար լավ առիթ էր` շոու սարքելու համար: Շոու սարքեցին, մենք էլ, որպես քաղաքական ուժ, շոու չենք անում: Մենք էլ արժանի պատասխանում ենք նրանց կազմակերպված շոուին»,- հայտարարեց նա:
Նշենք, որ ոչ իշխանական ուժերը նաև ստորագրահավաք են նախաձեռնել, որով պատրաստվում են արտահերթ նիստ հրավիրել: Փոխխոսնակի խոսքով` եթե ոչ իշխանական ուժերին հաջողվի հավաքել անգամ անրաժեշտ 44 ստորագրությունը., ինքն այդ դեպքում ևս չի մասնակցի այդ արտահերթ նիստին: