23/12/2014 11:35
Գագիկ Հարությունյան. Ադրբեջանում գունավոր հեղափոխության արդյունքում իշխանության կգան ծայրահեղականները
«2014 թ.-ի շրջադարձային տարի կարելի է համարել, քանի որ այս թվականին սկսվեց երկրորդ սառը պատերազմը: Ի տարբերություն առաջին սառը պատերազմի՝ այս մեկի կարևոր բաղադրիչը ծայրահեղականության աճն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարվա կարևոր քաղաքական իրադարձությունները՝ ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ ծայրահեղականությունն այսօր Մերձավոր Արևելքում է և Ուկրաինայում:
«Պատահական չէ, որ ուկրաինացի ծայրահեղականները իրենց անվանում են քրիստոնյա թալիբներ»,- նշեց Գ. Հարությունյանը:
Անդրադառնալով տարածաշրջանի երկրներին՝ փորձագետն ասաց, որ Ադրբեջանը մի երկիրը է, որտեղ հավաքագրվում են իսլամականների ջոկատներ:
«Ադրբեջանում նախապատրաստվում է գունավոր հեղափոխություն և իշխանության կարող են գալ ոչ թե ժողովրդավարները, այլ ծայրահեղականները»,- նշեց Գ. Հարությունյանը:
Գ. Հարությունյանը նշեց, որ մեկ այլ կարևոր իրադարձություն վերաբերվում է Թուրքիայի միջուկային ծրագրին:
«Գերմանիայի հետախուզության տվյալներով, Թուրքիան պատրաստվում է միջուկային զենք ունենալ, ինչը վտանգավոր է, քանի որ այդ երկիրը գենոցիդալ երկիր է»,- հավելեց Գ.Հարությունյանը: