21/01/2015 14:26
Ս. Մինասյան. Պերմյակովը, այսպես թե այնպես, պետք է հանձնվի հայ իրավապահներին
Բոլորն անհամբեր սպասում են, թե Գումրու դեպքերից հետո ինչպես կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները, սակայն հակված չեմ կարծելու, թե հայ-ռուսական հարաբերությունների վրա դրանք ինչ-որ կերպ կանդրադառնան: Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա կարծում է, որ համացանցում և սոցիալական կայքերում հնչող տեսակետները ձևավորված են հիմնականում զուտ էմոցիոնալ ֆոնի վրա:
Անդրադառնալով Պերմյակովի գործին՝ քաղաքագետը նախ շեշտեց, որ ինքը մասնագիտությամբ իրավաբան չէ և չի կարող մասնագիտորեն վերլուծել այդ ամենը, բայց իր քաղաքագիտական փորձը թույլ է տալիս ասելու, որ բոլորը, չգիտես ինչու, խոսում են միայն նրա կողմից թույլ տված երկու հանցագործությունների մասին՝ ռազմական դասալքություն և ՀՀ տարածքում կատարած սպանություն, սակայն որևէ մեկը չի շեշտում այն հանգամանքը, որ կասկածյալը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը:
«Հայկական կողմը պետք է պնդի, որ նա թույլ է տվել նաև երրորդ հանցագործությունը, որի հետ կապված հետաքննությունը ևս պետք է վարի հայկական կողմը: Դա մտնում է Հայաստանի իրավապահների պարտավորությունների մեջ: Նա փորձել է հատել ՀՀ պետական սահմանը»,- մանրամասնեց քաղաքագետը՝ շարունակելով, որ համաձայն 1992 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների, նմանատիպ գործերը քննվում են բացառապես ՀՀ քրեական օրենքի համաձայն և հայ իրավապահների վերահսկողության ներքո:
«Իրավական առումով կասկածյալ Վ. Պերմյակովն, այսպես թե այնպես, պետք է հանձնվեր հայկական կողմին: Սա նորություն չէ որևէ մեկի համար և Հայաստանը ուներ բոլոր իրավական նորմերը պահանջելու նրան»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, թե բավականին խոցելի էր ՌԴ Գլխավոր դատախազության այն հիմնավորումը, թե ՌԴ-ն չի հանձնում իր քաղաքացիներին այլ երկրներին:
Այս համատեքստում, քաղաքագետը նկատեց, որ այլ հարց է, եթե Պերմյակովը հանցագործության ժամանակ գտնվեր ՌԴ 102 ռազմաբազայի կամ Գյումրու ՌԴ հյուպատոսարանի տարածքում: «Այստեղ, այո, միգուցե խնդիրը իրավական առումով այլ ընթացք ստանար, սակայն Պերմյակովը հանցագործությունը կատարել է այդ տարածքից դուրս: Ուստի ես ինձ վերապահում եմ ասելու, որ Պերմյակովը պետք է դատապարտվի ՀՀ օրենքով: Իհարկե, կան որոշ իրավական կետեր, որոնք առնչվում են ՌԴ օրենքներին, սակայն Պերմյակովին պետք է դատել ՀՀ օրենսդրության համաձայն: Այլ խնդիր է, որ դա չի ուզում հայկական կողմը»,- ասաց Ս. Մինասյանը: