27/01/2015 09:33
Աշոտ Աղաբաբյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև կոնֆլիկտ է հասունանում
Նոր կոնֆլիկտ է հասունանում ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում: Ավելի ստույգ, երկու գործարարների միջև: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Հրազդան» տոնավաճառի առևտրականների հետ օրերս հանդիպման ժամանակ խոստացել է նրանց ավելի լավ պայմաններ տրամադրել, քան նրանք ունեն: Իսկ նրանք ունեն ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի «սահմանած» աշխատանքային պայմանները: Այս մասին գրել է «Իրատես de facto»-ն:
«Հիշեցնենք, որ այս տոնավաճառի սեփականատերը ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանն է: Առևտրականները բողոքել են տաղավարների վարձավճարների բարձրացումից, իսկ Ծառուկյանը նրանց այլ տարածք, անվճար տաղավարներ է խոստացել: ԲՀԿ առաջնորդի այս «մեծահոգությունը» խիստ նյարդայնացրել է Աշոտ Աղաբաբյանին, քանի որ նրա բիզնեսին «վայիս» լինող է հայտնվել: Առայժմ, մեր տեղեկություններով, Բուռնաշի զայրույթը «զսպում» են, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այն հարմար առիթի դեպքում չի «գործադրվի»: Ուշագրավ է, որ այս «կռվում» երկու կողմերն էլ ԱԺ պատգամավորներ են, որոնք, ըստ օրենքի, բիզնես գործունեությունից շա՜տ հեռու պիտի լինեին»,- հավելել է թերթը: