29/01/2015 12:50
Ցուցարարների վերջնաժամկետը փոխվեց, բայց պատասխան ստանալու ակնկալիք չունեն
Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց հավաքված հարյուրավոր քաղաքացիների անունից, որոնք բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքից, հայտարարվեց, որ փոխվել է վերջնաժամկետը և ժամը 13.00-ի փոխարեն նրանք կառավարությունից իրենց պահանջներին պատասխան են ակնկալում ստանալ ժամը 13.30-ին: Որից հետո միայն կձեռնարկեն այլ գործողություններ.
«Չենք հանձնվելու, պայքարելու ենք մինչև այս հնարածին օրենքի կասեցմանը. Սա մանր բիզնեսի վերացման ուղղված քայլ է: Եթե մեր Կառավարությունը չի ուզում վերացնել մանր բիզնեսը, ուրեմն պիտի վերացնի այս օրենքը: Ուրիշ ճանապարհ չկա»:
Ցուցարարը հայտարարեց, որ Հայաստանում գրանցված է շուրջ 70 հազար ձեռնարկատեր, որոնք մոտավոր հաշվարկներով շուրջ 700 հազար շունչ են կերակրում: Նրա խոսքով` այս օրենքը ուժի մեջ դնելով՝ Կառավարությունն ուզում է խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերել, բայց դրանից տուժելու է փոքր ու միջին բիզնեսը, ինչն անթույլատրելի է: Հենց դա է պատճառը, որ ձեռնարկատերերը պահանջում են օրենքի կասեցում, այլապես փետրվարի 1-ից ոչ միայն հարկեր չեն վճարի, այլև՝ կհայտարարեն համընդհանուր գործադուլ:
«Որևէ մեկը չի հավատում, որ այս օրենքը կունենա կիրառում: Նորից ենք խնդրում Կառավարությանը, որ տան մեզ պատասխան` ի՞նչ են անելու, ո՞նց են տալու լուծում այս հարցին: Երեք ամիս է՝ սպասում ենք պատասխանին, բայց ոչ մի բարեփոխում չենք տեսել: Իսկ եթե մի ժամից մեզ պատասխան չեն տա, փաստորեն, սրանք չէ, որ մեզ պետք է պատասխան տան, կգնանք այլ տեղ»,- հայտարարեց ցուցարարներից մեկը` հորդորելով զգույշ լինել ու պրովոկացիաների չգնալ, ոստիկանների հետ էլ լինել հարգալից:
«Ոստիկանները մեր ընկերներն են»,- հավելեց նա:
Ի դեպ, հայտարարվեց նաև, որ Ֆինանսների նախարարություն չեն գնա, Գագիկ Խաչատրյանի հրաժարականը չեն պահանջի, փոխարենը միանգամից կշարժվեն դեպի նախագահական նստավայր: